Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով ՀՀ իշխանությունները այս օրերին քննարկում են երկրում արտակարգ դրությունը եւս մեկ ամսով երկարաձգելու որոշումը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դիմել է վարչապետին ու արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանին արտակարգ դրությունը երկարաձգելու առաջարկով։ Թորոսյանը ներկայացրել է, որ իրավիճակը դեռ վերահսկելի չէ, եւ եթե սահմանափակումներն ամբողջությամբ հանվեն, կարող են այլ խնդիրներ առաջանալ։
Սույն տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանի հետ։ Վերջինս մեզ փոխանցեց, որ հարցը քննարկումների փուլում է, եւ լրացուցիչ տեղյակ կպահվի։ Առայժմ հստակ է, որ մինչեւ մայիսի 14-ը երկրում արտակարգ դրություն է սահմանված։ Նոր որոշման վերաբերյալ հայտարարություն մեզ հայտնի դարձավ, որ կլինի հենց այդ օրը՝ կառավարության նիստում։

Միաժամանակ տեղեկացնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում սահմանափակումների մեղմացման հետ մեկտեղ հնարավոր է՝ սահմանվեն նոր կանոններ. տնից դուրս գալիս դիմակ կրելը կարող է պարտադիր դառնալ։

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը հայտնեց, որ այս հարցը եւս քննարկումների փուլում է, եւ վերջնական որոշում չկա։