Lragir.am-ը գրում է․ Նախօրեին Գավառում տեղի ունեցած սարսափելի միջադեպը առաջացրել է հանրության բուռն, շոկային արձագանք, ինչը միանգամայն բնական է: Միաժամանակ, այն, ինչ տեղի է ունեցել, պահանջում է սառը եւ սթափ գնահատում, ախտորոշում եւ լուծում: Առերեւույթ, տեղի է ունեցել հանցագործություն, հանցագորության շղթա, վենդետա պարունակող, որը տեղի է ունեցել ոստիկանության անգործության կամ անարդյունավետության պայմաններում:

Այստեղ խնդիրը ունի շատ պարզ լուծում, պետք է պատասխանատվություն կրի ոստիկանության այն պաշտոնյան կամ պաշտոնյաները, որոնք թույլ են տվել անգործություն կամ երեւույթի կանխարգելման հարցում ոստիկանության ոչ բավարար ներգործություն:

Խնդիրը սակայն այն է նաեւ, որ գործ ունենք երեւույթի խորքային հանգամանքների հետ, եւ առերեւույթ դրսեւորումները մեծ հավանականությամբ հենց խորքային խնդիրների արտացոլումն են կամ հետեւանքը:

Այդ առնչությամբ արժե թերեւս հարց տալ՝ ինչպե՞ս կվարվեր հանրությունը, ինչպե՞ս կարձագանքեր, եթե ոստիկանները վնասազերծեին հիվանդանոց ներխուժելու եւ վրեխժնդրություն ու ինքնադատաստան իրականացնելու փորձ անող քաղաքացիներին, ընդհուպ կրակելով նրանց ուղղությամբ: Մեծ է հավանականությունը, որ ոստիկանությունն այդ դեպքում կլիներ նույն քննադատության տարափի տակ, ինչ անգործության դեպքում: Այդ դեպքում էլ ոստիկանությունը կմեղադրվեր անհամաչափ ուժ կիրառելու համար, եւ մեղադրողների շրջանակը կլիներ հիմնականում նույնը, ինչ անգործության համար մեղադրանքի դեպքում:

Բանն այն է, եւ դա գալիս է Հայաստանում հասարակական-քաղաքական խնդիրներից, հանրություն-իշխանություն կամ հանրություն-կառավարիչներ հարաբերության խորքային ճգնաժամից, որ Հայաստանում «տրենդային» է այն, որ ոստիկանությունը ունի սպանվելու «իրավունք», իսկ սպանելու՝ երբեք: Փոքր ինչ կոշտ եւ ծայրահեղ եմ տվել խնդրի բնորոշումը, դրա բարդությունն ու խնդրայնությունն ընդգծելու համար: Հատկապես, որ անցնող քառորդ դարի պատմությունը տվել է բազմաթիվ օրինակներ, որոնք վկայում են, որ ծայրահեղ թվացող ընդգծումը Հայաստանում գործնականում եղել է պարբերական դեպքերի շարք:

Հեղափոխությունից առաջ ոստիկանությունը դիտվել է ռեժիմի գործիք, ինչ է դիտվում ոստիկանությունը հեղափոխությունից հետո՝ այդքան էլ պարզ չէ: «Ոստիկանը մերն է» արտահայտությունը ոչինչ չասող է, քանի որ ոստիկանի բուն գործը այն մարդկանց հետ է, որոնց համար այդօրինակ հայտարարությունները պարունակում են զավեշտալի ռոմանտիզմ: Միաժամանակ, քաղաքական իրողությունն ակնհայտորեն մնացել է այդ ռոմանտիզմի պատանդի կարգավիճակում:

Ոստիկանը պետք է լինի ոչ մերը, ոչ ձերը, այլ պետությանը, իսկ դա նշանակում է, որ ոստիկանությունը պետք է ունենա պետական խնդիր: Ո՞րն է Հայաստանի ոստիկանության պետական խնդիրը հեղափոխությունից հետո, բացի իհարկե Վարդավառի կամ այլ տոնական առիթներով քաղաքացիներին զվարճացնելուց:

Շարունակությունը՝ այստեղ։