Աշխարհը մոլեգնած կորոնավիրուսը չի նահանջում։ Անգամ ամենազարգացած պետությունները կանգնել են լրջագույն խնդրի առաջ։ Անտեսանելի այս վիրուսը խլում է մարդկային կյանքեր։ Պատվաստանյութ, որպես այդպիսին դեռ չկա։ Համաշխարհային գիտական ու բժշկական փորձը մեկտեղվում են։ Այս պայքարում հաղթող լինելու է։ Հաղթելու է մարդկությունը։ Տեւական ժամանակ է առողջապահության ոլորտի մասնագետները, բժիշկներն ու համակարգի մյուս ներկայացուցիչները լուռ պայքար են տանում հաղթելու համար համաճարակին։ Հայաստանում եւս միավորվել են ուժերն այս ուղղությամբ։ Ոլորտի գիտակներից, մինչև բժշկական ոլորտի երիտասարդ մասնագետներ ու ապագա բժիշկներ, նրանց բոլորին միավորել է մեկ կարեւոր հանգամանք, ստիպել վիրուսին նահանջել։

Երևանի Պետական Բժշկական համալսարանի հարյուրավոր  ուսանողներ երկու ամիս է կամավորության սկզբունքով ներգրավված են այդ աշխատանքներում, օգնում են բժիշկներին, հուսադրում՝ պացիենտներին։ Ամեն ինչ լավ է լինելու, ժպիտն առայժմ դիմակներն են փակում, բայց լավատեսությունը աչքերում առկա է։
Ինչպես են ապագա բժիշկները պայքարում կորոնավիրուսի դեմ, ծանր փորձության եւ ապագա աշխատանքի դժվարությունների՝ մարդկային կյանքեր փրկելու առաքելության մասին է

Irakanum.am-ը զրուցել ԵՊԲՀ համալսարանի ուսանող, Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ, ապագա բժիշկ Տիգրան Ալեքսանյանի  հետ։

Տիգրան, ինչու որոշեցիք դառնալ բժիշկ, մի փոքր կպատմեք Ձեր մասին։

Բժշկությամբ մանկուց եմ հետաքրքրված եղել, դեռ նախադպրոցական տարիքում արդեն գիտեի որոշ դեղերի անուններ։ Տատիկս նույնպես բուժաշխատող է եղել, կարծում եմ որոշմանս կայացման մեջ նրա դերը մեծ է։

Սովորում եք ԵՊԲՀ-ում, ո՞ր բաժնում։

Սովորում եմ ԵՊԲՀ-ի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսում։ Նեղ մասնագիտությունս դեռ հստակ չեմ որոշել։ Մի քանի տարբերակներ կան ՝ պլատիկ վիրաբուժ կամ ուռուցքաբան վիրաբուժ: Կարծում եմ ժամանակի ընթացքում Կլինիկական առարկաների ուսումնառության հետո որոշումս կհստակեցվի։

Շուրջ երկու ամիս է բժիշկները պայքարում են կորոնավիրուսի դեմ։ Այս ընթացքում նաեւ բազմաթիվ կամավորներ են միացել։ Դուք ևս ԵՊԲՀ-ում իրականացնում եք կամավորական աշխատանք։ Ինչո՞ւ որոշեցիք ներգվրավել այդ աշխատանքներում։

Այո, շուրջ երկու ամիս է մեր բուժաշխատողները, մեր ավագ գործընկերները պայքարում են արհավիրքի դեմ։ Կամավորական աշխատանքներում բազմիցս եմ ներգրավված եղել։ Նախորդ տարվա դեկտեմբերին մասնակցեցի ՌԴ-ում կայացած բժիշկ կամավորների միջազգային ֆորումին, այդ ընթացքում մեր պատվիրակության ջանքերով համագործակցության հուշագիր ստորագրեցինք և հայաստան վերադառնալուն պես սկսեցինք զբաղվել բժիշկ-կամավորների հավաքագրմամբ։ Մենք ուղակի չէինք կարուղ չմասնակցել կամավորական աշխատանքներին, մենք պարտավոր էինք մասնակցել և օգնել մեր ավագ գործընկերներին այս դժարին իրավիճակում։

Ի՞նչ իրավիճակ է ներկայումս հիվանդանոցներում, ինչ տրամադություն է առկա բժիշկների մոտ։

Քանի որ այս ընթացքում հիմնականում հերթապահել եմ Մ. Հերացու անվան առաջին համալսարանական հիվանդանոցում կկիսվեմ տվյալ հիվանդանոցուն ստացած տպավորություններովս։ Բժիշկների ծանրաբեռնվածությունը այս օրերին բավականին շատ է, բայց դա նրանց չի խանգարում անտրտում կատարել իրենց առաքելությունը։Ուսանողից սկսած մինչև հիվանդանոցի տնօրեն բոլորը մի բռունցք են և բացառիկ հոգատարություն են ցուցաբերում միմյանց հանդեպ այս դժվարին օրերին։

Հասարակսւթյան շրջանում կա որոշակի խուճապ, ինչ խորհուրդ կտաք, ինչպես պաշտպանվել եւ ինչ անել։

Իմ կարծիքով խուճապ չկա, վարակի տարածման սկզբնական օրերի համեմատ մարդիկ հիմա ավելի հանգիստ են։ Խորհուրդս հետևյալն է, որ չկորցնենք զգոնությունը անպայման պահպանենք հիգիենայի կանոնները, կրենք պաշտպանիչ դիմակներ և ամենակարևորը այս օրերի ընթացքում լինենք միմյանց հանդեպ հանդուրժող և համբերատար։

Մնա տանը, որ մենք տուն գանք, կարծում ե՞ք աշխատեց այս կարգախոսը։

Կարգախոսը բավականին էֆեկտիվ էր, և ըստ ինձ ծառայեց իր նպատակին։

Եվ վերջում ինչ կմաղթեք հասարակությանը եւ այն բոլոր մարդկանց, ովքեր այս օրերին պայքարում են բոլորիս առողջությանն պահպանման համար։

Ուժ և տոկունություն, որպեսզի իրականացնեն իրենց սուրբ առաքելությունը։

Առաքելության իրակացման ճանապարհին դժվարություններ անշուշտ կան, բայց ոլորտի մասնագետները առավքել քան վստահ են՝ ժամանակի ընթացքում համաճարակի կանխարգելումը կլինի։ Իսկ մինչ այդ խորհուրդ են տալիս հետեւել անձնական հիգենայի կանոններին եւ պարզապես մնալ տանը, որ իրենք էլ տուն գնան։

Առողջ եղեք։

Փայլակ Ֆահրադյան