Այս պահի դրությամբ՝ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն իսկ բաշխվել է երեք միլիարդ 670 միլիոն դրամ։ Այս մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ այս թիվն իրենց նախատեսածի  տասը տոկոսից էլ պակաս է։

«Ամենօրյա ռեժիմով մենք թարմացնում ենք տվյալները, բազան մի քանի օրվա ընթացքում կամբողջանա ու ամբողջ օգնությունը, աջակցության փաթեթեներն արդեն հադանելի կլինեն քաղաքացիներին, ովքեր շահառու են», —  հայտարրարեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ այսօրվա դրությամբ Հայաստանի բանկերը շուրջ 290 հազար քաղաքացիների տվել են վարկային արձակուրդ՝ 9,3 միլիարդ դրամի չափով։

Նա ասաց, որ վարկային արձակուրդ է տրվել նաև 5300 իրավաբանական անձի՝ 15,4 միլիարդ դրամի չափով։

«Կա բոլոր հիմքերն ասելու, որ այս պրոցեսը կշարունակվի, բայց ես ուզում եմ ընդգծել, որ այս որոշումները կայացվել են առանց որևէ վարչական ներգործության կառավարության կողմից, ես շատ կարևոր եմ համարում սա ընդգծել։ Բանկային համակարգը գտնվում է շատ հանդարտ վիճակում», — ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ կառավարությանը բազմաթիվ առաջարկներ են անում, թե ինչ անել։

«Այդ առաջարկների հեղեղից գլխապտույտ կարելի է ստանալ, ես ուզում եմ ընդգծել, որ մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, կառավարությունը հստակ ռազմավարություն ունի, թե ինչպես է հաղթահարել ճգնաժամը, իհարկե, մենք կլսենք բոլորին, բայց մեր քայլերը տեղավորվելու են մեր ռազմավարության մեջ», — ասաց Փաշինյանը։