«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնելու հնարավորություն է տրվում:

Այլ կերպ ասած, հնարավոր է լինում տեղորոշել մարդկանց։ Նախ նշենք, որ խորհրդարանում բուռն քննարկումներից հետո «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երեկվա արտահերթ նիստում ստացավ 57 կողմ, 24 դեմ եւ 1 ձեռնպահ ձայն:

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ պատգամավորներից մի քանիսը հանդիպել են ՀՀ փոխվարչապետին՝ նրա հետ այս նախագիծը քննարկելու համար։
Պատգամավորները զայրացած են եղել, քանի որ նախագծին եւ կարգավորումներին դեմ էին, սակայն չէին կարող այդ մասին բարձրաձայնել՝ որպեսզի տպավորություն չստեղծվել, թե թիմում պառակտում կա։ Իրականում գրեթե ոչ ոք չի ցանկանում, որ նախագիծը հենց այս կերպով անցնի նաեւ երկրորդ ընթերցում։ Դա երեւաց նաեւ քվեարկության ժամանակ. մեծ թիվ էին կազմում այն պատգամավորները, որոնք չմասնակցեցին նախագծի քվեարկությանը եւ այդպես ցույց տվեցին իրենց անհամաձայնությունը։

Նախագծի քվեարկությանը չեն մասնակցել նաեւ Լուսինե Բադալյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Նարեկ Զեյնալյանը, Լենա Նազարյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Վաղարշակ Հակոբյանը եւ Նազելի Բաղդասարյանը։ Բացի այդ, երեկ ԱԺ արտահերթ նիստում շատ էին նաեւ բացակաները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում