Ի սկզբանե ստեղծվել են ու այսօր էլ կան բոլոր պայմանները, որպեսզի ընտրությունները սահմանված չափորոշիչներով հասցվեն իրենց տրամաբանական ավարտին: Այս մասին քվեարկությունից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ պատասխանելով հետընտրական գործընթացների վերաբերյալ հարցին:

Նրա խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր հետևել են նախընտրական փուլին, նկատել են, որ քարոզարշավի ընթացքը եղել է բաց և ազատ մրցակցային:

Այն հարցին, թե կցանկանար արդյոք մնալ քաղաքական դաշտում և որևէ պաշտոն զբաղեցնել, ԱՀ նախագահը պատասխանել է, որ նման քննարկումներ որևէ մեկի հետ չի ունեցել և որ պաշտոնաթող նախագահը կոչված է անտարբեր չլինելու երկրի ներսում այս կամ այն զարգացումների հանդեպ, ճիշտ հակառակը՝ նա պետք է փորձի իր հնարավորությունների սահմաններում օգտակար լինել ոչ միայն իշխանությանը, այլև հայրենիքին: