Կառավարությունը որոշել է երկրորդ ընթերցման օրակարգից հանել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը: Այդ մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նշենք, խոսքը կորոնավիրուսից մահացածներին չհերձելու վերաբերյալ նախագծի մասին էր, որը երեկ խորհրդարանն ընդունել էր առաջին ընթերցմամբ:

Հիշեցնենք, որ  առողջապահության նախարարի տեղակալ Մարինե Ավանեսյանը նախագծի քննարկմանը, մասնավորապես, նշել էր, որ դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանում գործող ախտաբանաանատոմիական ծառայություն մատուցող կազմակերպությունները չունեն հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կորոնավիրուսի վարակվելիության աստիճանը դեռևս բացահայտված չէ, ինչպես նաև վիրուսի ապրելիության ժամանակահատվածը դեռ պարզված չէ դիակի ներսում և կարող է հերձման ընթացքում առաջացնել անդառնալի հետևանքներ, անհրաժեշտություն է առաջացել չիրականացնել հերձում՝ վարակի հետագա մեծածավալ տարածումը կանխելու նպատակով»,- պարզաբանել էր Ա.Ավանեսյանը: