Կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնության մեջ կատարվել է երկու տեխնիկական փոփոխություն։ Այս մասին քիչ առաջ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նա ասաց, որ նախագծում շեշտվել է, որ միջոցառումները վերաբերում են արտակարգ դրությանը, այսինքն՝ ըստ նախարարի՝ արտակարգ դրությունից հետո չեն կարող որևէ միջոցառումներ իրականացվել։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում այսօր արդեն երրորդ անգամ է արտահերթ նիստ անցկացնում։ Օրակարգում դարձյալ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն է։

«Եվ շեշտվել է, որ տվյալներ մշակողի կողմից են տվյալները ոչնչանացվում, այսինքն՝ բոլոր մշակողները պարտավոր են իրենց մոտ կուտակված տվյալները ոչնչացնել»,-ասաց նախարարը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ նախագիծը չի վերաբերում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսմանը, կարճ բովանդակությամբ հաղորդագրությունների գաղտնազերծմանը։

«Սա բացառապես համաճարակի դեմ արդյունավետ պայքար մղելու համար է, որը հիմնավորված է միջազգային փորձով։ Բոլոր անձնավորված-ապաանձնավորված տվյալները արտակարգ դրության ավարտից հետո ոչնչանալու են»,- ասաց նա։