ՀՀ ԱԺ-ն  երկրորդ ընթերցմամբ չընդունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ արեց ԲՀԿ-ին չմասնակցել քվեարկությանը:

Արդյունքում կողմ քվեարկեց 65 պատգամավոր, ձեռնպահ և դեմ՝ զրո, նախագծերի փաթեթը չընդունվեց։

«Այսօր ընդդիմությունը իր կրավորական կեցվածքով նպաստում է նրան, որպեսզի բուժհամակարգը պարալիզացվի», — հայտարարեց Լիլիթ Մակունցը։

Մարուքյանը կոչ արեց նման հայտարարություններ չանել ու իշխանության անգործությունն ու սահմանափակումների մասին անիմաստ օրենք բերելը չբարդել ընդդիմության վրա։

«Դուք ունեք 88 մանդատ, բա էդ աշխատավարձ ստացողները ո՞ւր են, ինչո՞ւ չեն եկել քվեարկության, որ օրենքը ընդունվի։ Այսինքն՝ ընդդիմության ձայներո՞վ եք ուզում օրենք ընդունվի։ Բա աշխատավարձ եք ստանում, խի՞ չեք գալիս։ Կոչ կանեմ չշահարկել քվեարկությունն ու, ասել մեր հարգարժան նախագահի, «քֆուր» չդնել քվեարկության վրա։ Յուրաքանչյուրս մեր դիրքորոշումն ունի», — ասաց Մարուքյանը։

Հիշեցնենք, որ երեկ առաջին ընթերցմամբ քվեարկության ժամանակ գրանցվել էր 57  կողմ։ ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն հայտարարել էին դեմ քվեարկելու մասին։