Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն է, գանգատներ չունի, կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել ԲԿ–ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

«Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Երկրորդ վիրահատության անհրաժեշտություն բժիշկներն այս պահին չեն տեսնում:

Երեխան հակառակորդի կողմից հրազենային վնասվածք էր ստացել կրծքավանդակի շրջանում, տեղում իրականացվել էր անհրաժեշտ առաջին բուժօգնությունը։ Նոյեմբերյանի բուժկենտրոնում կատարվել էր վիրահատություն»,- նշել է նա:

Հիշեցնենք՝ երեկ հակառակորդը գնդակոծել էր Տավուշի մարզի Կոթի գյուղը, ավելի վաղ նաև Բաղանիս և Ոսկեւան գյուղերը, վիրավորվել էր 14 տարեկան երեխա։ Միաժամանակ՝ 19:00-ի սահմանում, ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: