Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականները մշակել են երեք դեղամիջոց, որոնք տեսականորեն կարելի է կիրառել կորոնավիրուսի նոր տեսակով պայմանավորված COVID-19-ի բուժման համար։ Այն մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի բժշկակենսաբանական գիտությունների բաժնի ղեկավար ու փոխնախագահ Վլադիմիր Չեխոնինին։

Չեխոնինի խոսքով՝տրիազավիրին դեղամիջոցը մշակվել է դեռ մի քանի տարի առաջ ՌԳԱ Ուրալի մասնաճյուղի Պոստովսկու անվան օրգանական սինթեզի ինստիտուտում, իսկ այժմ պատրաստ է դրա ինհալացիոն տարբերակը, որը նախատեսված է շնչառական համակարգի վիրուսային վարակների բուժման համար։ Մասնագետի խոսքով՝ դեղամիջոցն արդեն կարելի է հանձնել փորձարկումների։

Բացի այդ, Պոստովսկու անվան օրգանական սինթեզի ինստիտուտի և Զելինսկու ավան Օրգանական քիմիայի ինստիտուտի գիտնականները համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծել են ռուսական դեղագործական արդյունաբերության բոլոր պահանջներին համապատասխանող սխեմա, որը թույլ կտա սինթեզել ճապոնական ֆավիպիրավիր դեղամիջոցը։ Այս դեղամիջոցն ստեղծվել է այսպես կոչված ՌՆԹ-վիրուսների դեմ պայքարի համար, իսկ նոր COVID-19-ը դասվում է հենց նման վիրուսների շարքին։ Մասնագետի խոսքով՝ այս դեղամիջոցը նույնպես պատրաստ է կլինիկական փորձարկումներին։

Կորոնավիրուսի դեմ պայքարի երրորդ հավանական դեղամիջոցը կարող է դառնալ ֆորտեպրենը, որը Համաճարակաբանության ու միկրոկենսաբանության ազգային կենտրոնի մասնագետներն ու Օրգանական սինթեզի ինստիտուտի գիտնականները մշակել են ֆոսպրենիլ դեղամիջոցի հիման վրա, որը կիրառվում է կենդանիների մոտ կորոնավիրուսային վարակի բուժման համար։ Նոր դեղամիջոցն արդեն անցել է կլինիկական բոլոր փորձարկումներն ու այժմ գրանցման փուլում է։

Չեխոնինի խոսքով՝ այս դեղամիջոցները «հետաքրել են Առողջապահության նախարարությանն ու այսօրվա դրությամբ դարձել են առաջնահերթություն Կրթության ու գիտության նախարարության և Գիտությունների ակադեմիայի բոլոր քիմիական «ստորաբաժանումների» աշխատանքներում»։

Tert.am