ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն այսօր խորհրդարանում արտահերթ նիստի ժամանակ անդրադառնալով Կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծին՝ նշեց, որ արտակարգ դրությամբ պայմանավորված միջոցառումները երբեմն զավեշտի են հասնում, քանի որ պետական այրերը հայտարարում են, որ ամուսիններով նույն մեքենայով չերթևեկեն, մինչդեռ խորհրդարանում 132 պատգամավորով հավաքվել, քննարկում են իրականացնում:

«Եկեք ամենախիստ ռեժիմը սահմանենք, այսօրական, որպեսզի կանխարգելող լինենք, քանի որ ֆիքսում ենք իրավիճակ, հետո փորձում ենք այդ իրավիճակը կանխարգելող միջոցառում ձեռնարկել, մինչդեռ դա անելու համար պետք է քաղաքականություն վարենք և ամենախիստ միջոցներին դիմենք»,- նշեց Վահե Էնֆիաջյանը:

Իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ հասկանալի է, որ այս համաճարակից հետո Հայաստանը լինելու է նոր իրավական իրականության մեջ, և վիճարկելի չէ այն հարցը, որ մարդու իրավունքների սահմանափակման կոնցեպտը նույնպես վերանայվելու է:

«Ես մշտապես եղել եմ, կամ և կմնամ պանդեմիայի դեմ պայքարի ավելի կոշտ միջոցների կիրառման կողմնակից, սակայն միջոցառումը պետք է լինի կոշտ և արդյունավետ: Եթե այն միայն կոշտ է, ապա չի համապատասխանում այն չափանիշերին, որոնք իրականացվում են իրավական նորմերով Սահմանադրությամբ ստանձնած միջազգային պարտավորությամբ:

Հարգելի գործընկերներ, չեմ բացառում, որ ինչ-որ փուլում այլևս անհրաժեշտ լինի օգտագործել հեռահաղորդակցության միջոցները, որը պետք է օգտագործվի՝ որպես վերջին հնարավորություն, հասե՞լ ենք այդ փուլին, ես չգիտեմ, ես այդ մասնագետը չեմ: Ժողովուրդ ջան, կորոնավիրուսով վարակվածները հանցագործներ չեն, նրանք չեն ուզում թաքցնել ինչ-որ բան: Պաշտոնապես հայտարարում եմ, որ պատկան մարմիններն իրավունք ունեն իմ վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն հանգիստ ուսումնասիրել, տալիս եմ իմ համաձայնությունը: Գուցե մենք այս փուլն էլ պետք է անցնենք, նոր գնանք առաջ»,- եզրափակեց Վլադիմիր Վարդանյանը: