Այսօր Երեւանի քաղաքապետարանը տեղեկություն տարածեց, որ «Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված նվիրաբերության պայմանագրով՝ Երևանի քաղաքապետարանը ստացել է երեք հատ քաղաքային կոմունալ վակումային մեքենա (փոշեկուլ):

Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ «Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջեւ համագործակցությունն այսքանով չի ավարտվում: Երեւանի քաղաքապետարանի կայքից տեղեկացանք, որ այս ընկերությանը քաղաքապետարանը՝ Հայկ Մարությանի օրոք Կոմիտասի պողոտայում անշարժ գույի հասցեներ է տրամադրել: Խոսքն, ըստ քաղաքապետարանի կայքի, Կոմիտասի պողոտա, հ. 19/1 հասցեում «Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ի կողմից կառուցված բնակելի շենքի մասին է: Կարելի է ասել, որ սա հերթական քննարկումների առիթ հանդիսացող համագործակցությունն է քաղաքապետարանի եւ մասնավորի միջեւ:

Հիշեցնենք, որ նախորդ տարի եւս քաղաքապետարանին մասնավորի կողմից տեխնիկա էր նվիրաբերվել, ինչն աղմուկի պատճառ դարձավ: Վերհիշելով նշենք, որ «Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն քաղաքապետարանին նվիրել է 10 հատ ԳԱԶ մակնիշի և 4 հատ ԿամԱԶ մակնիշի աղբատարեր։ Ընկերության բաժնետերերից մեկն ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանի կինն է։ Այս ընկերությունը պատրաստվում է բազմաֆունկցիոնալ բնակելի շենքեր կառուցել Դավթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղի հ.22 և Անաստաս Միկոյան հ. 64 հասցեներում։ Այդ հասցեները ընկերության հողամասին տրամադրվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի 2019թ-ի մարտի 22-ի որոշմամաբ:

Բացի այս Նիկոլ Փաշինյանն էլ ԱԱԾ աշխատակցի օրվա առթիվ պարգեւատրեց Արթուր Աղաջանյանին: Երեք հատ «ԿամԱԶ» մակնիշի աղբատար էլ քաղաքապետարանը ստացել է գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հորեղբոր որդու՝ Հրաչյա Շարոյանի «Ալեքս էնդ հոլդինգ» ընկերությունից։ Իսկ ահա Հայկ Մարությանի մեկ այլ որոշմամաբ էլ երկարացվել էր Կոմիտասի Երեւան Սիթի սուպերմարկետի տարածքի վարձակալության պայմանագիրը:

Հիշեցնենք, որ երբ հայտնի դարձավ, թե ովքեր են կամազների նվիրատվություները քաղաքական դաշտում սկանդալային աղմուկ բարձրացավ: Ընդդիմությունը քաղաքապետին մեղադրեց կոռուպցիոն գործարքների մեջ:

Irakanum.am