ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը շարունակում է պնդել, որ գործով դատախազ Արսեն Մարտիրոսյանը անաչառ չէ, նախաքննությանն անաչառ չի մոտեցել, եւ, որ իրենք դա դատաքննությանը փուլ առ փուլ դա ցույց կտան։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Ամրամ Մակինյանը։

«Մենք դատախազի անձի հետ խնդիր չունենք, խնդիր ունենք դատախազի գործողությունների հետ»,- ասաց պաշտպան Մակինյանը։

Դատախազի այն առարկությանը, թե մեղադրանքի հիմքում միայն մեկ անձի ցուցմունք չէ, Մակինյանը ասաց. «Դատախազն իրավունք ունի այդպիսի դիրքորոշում ներկայացնելու, քանի որ գործով մեղադրողն է։ Ես չեմ տա անուններ, ես ասել եմ՝ գործում չկան ապացույցներ։ Գործում կան շատ լուրջ խնդիրներ, որը, մասնավորապես, վերաբերում է այդ կազմակերպության գործունեությանը»։

Մակինյանը պատմեց, որ հարցում է ուղարկել ՀՀ վիճակագրության ծառայություն. «Հարցրել եմ՝ կարո՞ղ եք ասել, 2013 թվականին ի՞նչ արժեր դիզելային վառելիքը մեծածախ եւ մանրածախ, մեզ միայն մանրածախի գներն են տրամադրել 465-467 դրամ՝ ըստ եռամսյակների: Մեծածախը այս դեպքում ավելի բարձր գին է ունենալու այն տրամաբանությամբ, որ ոչ թե անձն է գնում եւ ստանում բենզալցակայանից, այլ անձին տանում ու հասցնում են իր տուն։ Այսինքն՝ դրանից գինն ավելի է բարձրանում։ Երբ մենք ասում ենք՝ պետք են մասնագիտական հաշվարկներ, ես դրա մասին էի ասում։ 2013 թվականին դիզելային վառելիքը եղել է ոչ պակաս գնի, քան՝ 457 մանրածախ է։ Առաջարկվել է մի գին, որը չէր կարող իրագործվել, իրատեսական գին չի առաջարկվել։ Եթե մի կազմակերպություն էլ առաջարկեր 300 դրամով, ուրեմն պիտի էսօրվա մեղադրանքը լիներ, որ առաջարկվել է 300 դրամով, տրվել է 350 դրամի՞։ Ուզում եմ ասել, որ «Մաքսհուր»-ի կողմից առաջարկվել է մի գին, որը չէր կարող իրականացվել, մատակարարվել, իրատեսական գին չի առաջարկվել։ Կառավարությունը որոշել է, որ սուբսիդավորելու է գարնանացանի աշխատանքները, եթե այդ ծրագիրը չի իրականացվում, չի հասնում տեղ, այդ ժամանակ կարելի էր հարուցել քրեական գործեր ու պարզել, թե ինչու այդ ծրագիրը չիրականացվեց»։

Լրագրողի այն դիտարկմանը, եթե ավելի էժան գնով պետությունը փորձեր վառելիքը գնել, հնարավոր է ձախողեր այդ ծրագիրը, Մակինյանը շեշտեց, որ չէր ձախողի, այլ կտապալեր. «Որովհետեւ դա իրատեսական չէ: Այստեղ անհրաժեշտ է քրգործով տնտեսական հաշվարկներ կատարել»։