Փաստաթղթեր կեղծելու հանցակցության  համար մեղադրանք է առաջադրվել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրեն Արթուր Պողոսյանին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ ՔԿ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։

«Արթուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-325-րդ հոդվածի 1-ին մասով։ Որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը երկրից չհեռանալու մասին»,-ասաց Նաիրա Հարությունյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության նախկին աշխատակիցներ Միքայել Պողոսյանի և Սիսակ Գրիգորյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ընկերության նախկին աշխատակից Միքայել Պողոսյանը նշել էր, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հաղորդում է ներկայացրել՝ իր աշխատանքի չներկայանալու վերաբերյալ կեղծ փաստաթուղթ կազմելու վերաբերյալ։

«Ճանապարհային երթևեկության խախտումների վարչության պետ Արսեն Ղազարյանը տնօրենի՝ Արթուր Պողոսյանի հետ նախնական համաձայնությամբ կեղծ զեկուցագիր է գրել, որ 2019թ.-ի մարտի 1-ին ամբողջ օրն աշխատանքի չեմ ներկայացել»,-նշել էր Միքայել Պողոսյանը։ Հավելենք, որ աշխատանքից ազատվածների թիվը հասնում է 20-ի, որոնք դեռևս չեն կարողանում աշխատանք գտնել։

Նշենք, որ քրեական գործը հարուցվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթերի կեղծելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 2-րդ մասով։ Քրեականան գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել նաև «Սեքյուրիթի դրիմ» ընկերության Ճանապարհային երթևեկության խախտումների վարչության պետ Արսեն Ղազարյանին։ Հիշեցնենք, որ մարտի 1-ին «Սեքյուրիթի դրիմ» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացրել, որից օրեր անց` մարտի 5-ին, արգելափակվել են աշխատակիցների էլեկտրոնային անցագրերը և վերջիններս աշխատակիցների խոսքով անհիմն հեռացվել են աշխատանքից։

Աղբյուր` Փաստինֆո