1in.am-ը գրում է․

Վճռաբեկ դատարանի կողմից վերաքննիչ քրեական դատարանի վարույթ է վերադարձվել Գոռ Սարգսյանի գործի քննությունը:

Գործը քննվել է  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գ. Պողոսյանի նախագահությամբ, ապա՝ վերաքննիչ քրեական դատարանում՝ Մ. Պետրոսյան, Ռ. Մխիթարյան, Ս. Համբարձումյան կազմով:

Գոռ Սարգսյանը մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Սպանությունը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 8-ին Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասում:

25-ամյա Գոռը հանդիպել է պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Ազատ Ա.-ի հետ: Աղջկա «թեմայով» են խոսել՝ Ազատի նախկին ու Գոռի ներկա ընկերուհու՝ նույն աղջկա մասին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ տուժող Ազատ Ա.-ն 2015 թվականի հունվարից սեպտեմբեր ընկերություն է արել մի ուսանողուհու հետ:

2016 թվականի մարտից աղջիկը սկսել է հանդիպել սևանցի Գոռ Սարգսյանի հետ:

Գոռը նախաձեռնել ու 2016 թվականի ապրիլի 4-ին տնտեսագիտական համալսարանի մոտակայքում հանդիպել է աղջկա նախկին ընկեր Ազատին:

Վերջինս նախկին ընկերուհու վերաբերյալ վատ է արտահայտվել. «Տուն տանելու աղջիկ չի, քնելա ինձ հետ»:

Գոռը նեղվել ու աղջկան տարել է բժշկական հետազոտության: Ըստ բժշկի՝ աղջիկը կույս է եղել:

Ազատի կողմից աղջկան վարկաբեկելը Գոռին զայրացրել է: Նա Ազատին երկրորդ ժամադրությունն է նշանակել՝ ասելով, թե խոսելու բան կա:

Ապրիլի 8-ին, ժամը  13.30-ից 14-ի սահմաններում Գոռն ու Ազատը հանդիպել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնաշենքի մոտակայքում:

Գոռն ու Ազատը քայլել են դեպի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասը: Այնտեղ Գոռը նախ գլխով հարվածել է Ազատ Ա.-ի դեմքին,  աջ աչքի շրջանում Ազատին վնասվածք է պատճառել: Այնուհետև Գոռը դանակի երկու հարված է հասցրել Ազատի կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ:

Գոռ Սարգսյանը դանակով հարվածներ հասցնելուց հետո փախել է Չարենցի փողոցով, տաքսիով հասել է Արեշ, հետո մեկնել է Սևան…

Ազատ Ա.-ն դանակահարված վիճակում, կուրծքը բռնած՝  կարողացել է ընդառաջ գնալ համալսարանի հետնամասում սպասող ընկերներին: Նա հասցրել է ասել. «Սկոռի կանչեք, մեռնում եմ», և տապալվել է գետնին:

Ազատին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա գիտակցության չգալով՝  նույն օրը, ժամը 17-ն անց 45-ի սահմաններում մահացել է:

Ապրիլի 9-ի վաղ առավոտյան Գոռ Սարգսյանը ներկայացել է ոստիկանության բաժին:

Գործով անցկացված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ Գոռ Սարգսյանը ճանաչվել է մեղսունակ, ըստ դատական հոգեբանի՝ դեպքի պահին փորձաքննվողը եղել է լարված, բայց ոչ՝ ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում:

Մեղադրող դատախազը միջնորդել էր Գոռ Սարգսյանին մեղավոր ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել 11 տարի ազատազրկման:

Տուժողի իրավահաջորդը պահանջել էր՝ «ինչպես սառնասիրտ սպանել է Գոռը, այնպես սառնասիրտ էլ նրան պատժել»՝ դատապարտել 15 տարի ազատազրկման:

Ամբաստանյալի շահերի պաշտպանների կարծիքով՝ Գոռ Սարգսյանի արարքը սխալ էր որակված՝ նա արարքը կատարել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, այդ արարքի համար էլ պետք է պատասխանատվության ենթարկվի: Դատարանի կողմից արարքը չվերաորակելու, Գոռ Սարգսյանին դիտավորյալ սպանության համար մեղավոր ճանաչելու դեպքում պաշտպանները միջնորդել էին նրան դատապարտել հոդվածի տվյալ մասով նախատեսված նվազագույն պատժի:

Ընդհանուր իրավասության դատարանը Գոռ Սարգսյանին մեղավոր էր ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել էր 9 տարի ազատազրկման:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել  տուժողի իրավահաջորդն ու ամբաստանյալի շահերի պաշտպանները:

Տուժողի իրավահաջորդն իր բողոքում նշել էր, թե առաջին ատյանի դատարանը գնահատական չի տվել գործով վկայի կարգավիճակ ունեցող, Գոռի ու Ազատի վիճաբանության պատճառ դարձած աղջկա արարքին՝ վերջինս տվել է հակասական ցուցմունքներ, նրա վարքագիծը ևս պատճառ է դարձել ծանր հանցարարքի:

Տուժողի իրավահաջորդը համոզմունք էր հայտնել, որ Գոռ Սարգսյանի կողմից կատարվել է իր որդու կանխամտածված սպանություն՝ նա հանդիպման գնալով՝ հետը դանակ էր վերցրել ու դիտավորյալ էլ հարվածել է այդ դանակով՝ հենց Ազատի սրտին:

Բողոքաբերը նշել էր՝ արարքը պիտի որակվեր դիտավորյալ սպանության հոդվածի ավելի ծանր՝ 2-րդ մասով, որակման սխալը նախաքննական թերություններից է բխում, իսկ առաջին ատյանի դատարանի թույլ տված բացթողումներն իրենց հերթին հանգեցրել են նրան, որ սխալ որակված արարքի համար նաև նշանակվել է ակնհայտ մեղմ պատիժ:

Դատավճիռը, ըստ տուժողի իրավահաջորդի, ենթակա էր փոփոխման՝ պատիժն ակնհայտ մեղմ լինելու հիմքով:

Տուժողի իրավահաջորդն իր բողոքում խնդրել էր Գոռ Սարգսյանին դատապարտել 15 տարի ազատազրկման:

Գոռ Սարգսյանի շահերի պաշտպանները, նշելով նախաքննական ու դատաքննական մի շարք խախտումներ, հետևության էին հանգել, որ Գոռ Սարգսյանի արարքը պետք է որակվեր որպես հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն, այդ արարքի համար էլ պետք է նրա նկատմամբ  համաչափ պատիժ նշանակվեր:

Վերաքննիչ քրեական դատարանը եզրակացրել էր, որ Գոռ Սարգսյանի արարքը՝ դիտավորյալ սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, ճիշտ է որակված: Սակայն  առաջին ատյանի դատարանը սահմանել է ակնհայտ մեղմ պատիժ, որը չի համապատասխանում արարքի՝ հանրության համար  վտանգավորության աստիճանին, հանցագործության կատարման եղանակին:

Վերաքննիչ դատարանը Գոռ Սարգսյանի շահերի պաշտպանների վերաքննիչ բողոքը մերժել էր, իսկ տուժողի իրավահաջորդի վերաքննիչ բողոքը բավարարել էր մասնակիորեն:

Առաջին ատյանի դատարանի դատավճիռը փոփոխվել էր պատժի մասով՝ պատիժը խստացնելու առումով:

Գոռ Սարգսյանը մեղավոր էր ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել էր 11 տարի ազատազրկման:

Պատժի կրման սկիզբը՝ 2016 թվականի ապրիլի 9-ից:

Ստորադաս դատարանների դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք էին ներկայացրել ամբաստանյալի շահերի պաշտպանները՝ փաստաբաններ Վ. Էլբակյանն ու Կ. Հովհաննիսյանը:

Պաշտպանները նշել էին, թե վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ և կայացրել է անհիմն, անօրինական դատական ակտ:

Բողոքաբերները վկայակոչել էին օպերատիվ-հետախուզական գործունեությունը կարգավորող իրավական նորմերը և փաստել էին, թե անհիմն են «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքները թույլատրելի ապացույց ճանաչելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի հետևությունները:

Ըստ բողոքաբերների՝ իրենց պաշտպանյալի արարքին տրվել է  սխալ քրեաիրավական գնահատական, մասնավորապես՝ արարքը ենթակա է որակման որպես հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով:

Ըստ բողոքաբերների՝ վերաքննիչ դատարանը անհիմն կերպով է  խստացրել իրենց պաշտպանյալի պատիժը:

Պաշտպանները խնդրել էին բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը, Գոռ Սարգսյանի արարքը վերաորակել:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ  «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառմանն առնչվող օրենսդրական նորմերի մեկնաբանման և կիրառման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր:

Վճռաբեկ դատարանն այս գործով տվյալ խնդրի վերաբերյալ  կայացրել է նախադեպային որոշում:

Քրեական գործում արձանագրված է, որ իրավապահների բացատրական աշխատանքների արդյունքում 2016 թվականի ապրիլի 9-ին, ժամը  6-ն անց 30-ի սահմաններում Գոռ Սարգսյանն ինքնակամ է ներկայացել ոստիկանություն և հայտնել է, թե ինքն է եղել Ազատ Ա.-ին մարմնական վնասվածք պատճառողը: Դրանից հետո ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետը միջնորդություն է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետի տեղակալին՝ դիմելու դատարան՝ Գոռ Սարգսյանի նկատմամբ ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի աշխատասենյակում «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու համար:

Այդ միջնորդությունը ներկայացվել է դատարան, միջնորդությունը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում նույն օրը՝ ժամը 7-ին: Նիստը տևել է տասը րոպե, ավարտվել է 7-ն անց 10 րոպեին, միջոցառման իրականացումը թույլատրվել է:

Քրեական գործում արձանագրված է, որ 2016 թվականի ապրիլի 9-ին, ժամը 8-ն անց 43-ին Գոռ Սարգսյանը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով կասկածվելով:

«Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքներն ամփոփող լազերային սկավառակի զննության արձանագրության համաձայն՝ Գոռ Սարգսյանի հետ զրույց է վարում մի տղամարդ: Գոռ Սարգսյանը հայտնում է տեղեկություններ իր մեղավորության և գործով այլ հանգամանքների մասին:

Առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճռի հիմքում ի թիվս այլ ապացույցների՝ դրել է նաև «Ներքին դիտում» միջոցառման արդյունքները՝ եզրակացնելով, թե միջոցառումն անցկացվել է օրենքի պահանջներին համապատասխան: Նույն եզրակացությանն է հանգել նաև վերաքննիչ քրեական դատարանը:

Իսկ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Ներքին դիտում» միջոցառումն իրականացվել է ոչ թե որպես օրենքով սահմանված՝ որոնողական-հետախուզական բնույթի միջոցառում, այլ՝ հարցաքննության եղանակով Գոռ Սարգսյանից գործի համար նշանակություն ունեցող տեղեկությունների ստացման գործընթացը գաղտնի տեսաձայնագրելու նպատակով: Այսինքն՝ «Ներքին դիտումը» փաստացի իրականացվել է որպես քողարկված հարցաքննություն՝ արժանահավատության բարձր աստիճան ունեցող ապացույց ձեռք բերելու նպատակով: Անտեսվել են օրենքի առանցքային պահանջները՝ հարցաքննվող անձին չեն բացատրվել նրա իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում՝ լռելու, իրավաբանական օգնություն ստանալու հիմնարար իրավունքները, տեխնիկական միջոցների կիրառման վերաբերյալ հարցաքննվողը չի տեղեկացվել: «Ներքին դիտումը» իրականացվել է ոստիկանության պաշտոնատար անձի աշխատասենյակում՝ նման պայմաններում անձի նկատմամբ չէր կարող իրականացվել մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքը սահմանափակող այդ միջոցառումը:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է՝ «Ներքին դիտում» միջոցառումն իրականացվել է անձի իրավունքների և ազատությունների ոլորտ նվազ միջամտության եղանակի՝ նույն տեղեկությունների ձեռքբերման դատավարական միջոցի ակնհայտ առկայության պարագայում: Գոռ Սարգսյանն ինքնակամ ներկայացել էր ոստիկանության բաժին, հայտնել էր, թե ինքն է վնասվածք հասցրել Ազատ Ա.-ին, հետևաբար նրա նկատմամբ ոչ թե «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում պիտի իրականացվեր, այլ օրենքով նախատեսված ընթացակարգով՝ նա պիտի հարցաքննվեր որպես կասկածյալ:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է ՝ նախաքննության փուլում գտնվող քրեական գործով հետաքննության մարմնի կողմից իրականացվել է «Ներքին դիտում» այն դեպքում, երբ բացակայել է դատախազի համապատասխան ցուցումը կամ քննիչի համապատասխան հանձնարարականը:

Քրեական գործում արձանագրված է՝ դատարանը «Ներքին դիտում» միջոցառումն իրականացնելու թույլտվությունը տվել է ժամը 7 –ն անց 10-ին, իսկ Գոռ Սարգսյանը ձերբակալվել է ժամը 8-ն անց 43-ին՝ «Ներքին դիտում» իրականացնելու հանձնարարությունը ոչ թե նախորդել, այլ… հաջորդել է բուն միջոցառման իրականացմանը…

Վճռաբեկ դատարանը եզրահանգել է՝ օրենքի խախտումներով իրականացված «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքները Գոռ Սարգսյանի մեղադրանքի հիմքում դնելը հանգեցրել է վարույթի արդարացիության և Գոռ Սարգսյանի արդար դատաքննության իրավունքի խախտմանը:

«Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների՝ որպես ապացույցի անթույլատրելիության հարցը բարձրացվել ու բարձրացվում է ոչ միայն այս, այլև շատ քրեական գործերով, պաշտպանները հիմնականում շեշտը դնում են միջոցառումն օրենքի խախտումներով իրականացնելու հանգամանքների վրա, սակայն առկա են նաև բազմաթիվ գործերով օրենքի ուժ ստացած դատական ակտեր, որոնցում մեղադրանքի հիմքում դրվել ու թույլատրելի են ճանաչվել հենց նմանատիպ հանգամանքներում կատարված  միջոցառումների արդյունքները…

Գոռ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանը բեկանել է առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանների դատական ակտերը, գործը վերադարձրել է վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության, ու հանձնարարել է՝ նոր քննության ընթացքում վերաքննիչ դատարանը պետք է գնահատի քրեական գործում առկա այլ ապացույցները և հանգի համապատասխան հետևության՝ անդրադառնալով նաև պաշտպանների բողոքում բարձրացված մյուս՝ արարքի վերաորակման ու պատժի համաչափության հարցերին:

Վճռաբեկ դատարանը Գոռ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողել է անփոփոխ՝ հաշվի առնելով, որ «չեն վերացել նրան կալանքի տակ պահելու հիմքերն ու պայմանները»:

Վերաքննիչ քրեական դատարանում գործը գտնվում է Ս. Մարաբյան, Տ. Սահակյան, Ռ. Բարսեղյան կազմի վարույթում: