Հայտնաբերվել է Օդեսայի քոլեջում հրդեհի հետևանքով մահացած 5-րդ զոհի մարմինը: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը՝ հղում անելով Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը:

«Դեկտեմբերի 7-ին փլատակների տակից հայտնաբերվել է մեկ մարդու մարմին»,-ասված է ծառայության կայքում: Հրդեհի հետևանքով ընդհանուր առմամբ մահացել է 5 մարդ, տուժել են 31-ը, որոնցից 17-ը հոսպիտալիզացված են քաղաքի հիվանդանոցներում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ուկրաինայի Օդեսա քաղաքում հրդեհ է բռնկվել ճարտարապետական հուշարձան համարվող 6-հարկանի շենքում: Շենքում տեղակայված են մի շարք ընկերություններ ու հաստատություններ, այդ թվում՝ ծովային կենսաբանության ինստիտուտը, Ուկրաինայի հնագիտության ինստիտուտի Օդեսայի մասնաճյուղը, տնտեսագիտության քոլեջը և այլն: Հրդեհը սկսվել է դեկտեմբերի 4-ի առավոտյան՝ շենքի երրորդ հարկում՝ տնտեսագիտության քոլեջի տարածքում: