»»Անկարան փորձում է վստահեցնել, թե շանտաժի չի ենթարկում ՆԱՏՕ-ին

Անկարան փորձում է վստահեցնել, թե շանտաժի չի ենթարկում ՆԱՏՕ-ին

Թուրքիան, Բալթյան երկրների եւ Լեհաստանի համար պաշտպանության պլանից հրաժարվելով, շանտաժի չի ենթարկում ՆԱՏՕ-ին եւ դաշինքի շրջանակներում վետոյի իրավունք ունի, Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ Reuters-ին հայտարարել է Թուրքիայի անվտանգության ուժերում աղբյուրը։

Ավելի վաղ, անցյալ շաբաթ, Reuters-ը հայտնել էր, որ Թուրքիան հրաժարվում է կատարել Բալթյան երկրների եւ Լեհաստանի համար ՆԱՏՕ-ի պաշտպանության պլանը, քանի դեռ ավելի շատ աջակցություն չի ստացել Սիրիա իր ներխուժման հետ կապված։

Անկարան հայտարարել էր, որ իրավիճակը հայտնվել է փակուղում այն պատճառով, որ ԱՄՆ-ը հրաժարվել է աջակցել Թուրքիայի պաշտպանության առանձին պլանը, որը ենթադրում է հարավից ցանկացած հնարավոր հարձակման ներառում։

Անցյալ շաբաթ դիվանագիտական աղբյուրը Reuters-ին հայտնել էր, որ Թուրքիան «պատանդ է վերցրել Արեւելյան Եվրոպային»՝ արգելափակելով ռազմական պլանը։

ՆԱՏՕ-ի հանձնակատարները բոլոր 29 անդամ-երկրների կողմից Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի՝ Ռուսաստանի կողմից «ցանկացած սպառնալիքից» պաշտպանության բարելավման պլանի հաստատման կարիք ունեն։

Սակայն Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցների հարաբերությունները լարված են մի շարք հարցերի պատճառով՝ սկսած Անկարայի կողմից ռուսական ՀՕՊ համակարգերի գնումից մինչեւ Սիրիայի հարցով քաղաքականություն։ Դաշինքի որոշ անդամներ դատապարտել էին Սիրիայի հյուսիս-արեւելք Թուրքիայի ներխուժումը։

Թուրքիան, որը ՆԱՏՕ-ում մեծությամբ երկրորդ զինված ուժերն ունի, ուզում է, որպեսզի դաշինքը ազգային ինքնապաշտպանության քրդական ջոկատներին (YPG) պաշտոնապես որպես ահաբեկիչներ ճանաչի։ Անկարային զայրացրել է, որ դաշնակիցները աջակցություն են ցուցաբերել YPG-ին «Իսլամական պետության» դեմ պայքարում։

Անցյալ շաբաթ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնին մեղադրել էր ահաբեկիչներին հովանավորելու մեջ՝ այն բանի համար, որ Մակրոնը հայտարարել էր, թե Թուրքիան Սիրիա ներխուժելուց հետո չպետք է ակնկալի ՆԱՏՕ-ի աջակցությունը։

2019-12-02T22:56:27+04:00December 2 23:17|Աշխարհ|0 Comments