Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) նոր ձայնասկավառակ է թողարկել, որի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` խտասալիկում տեղ են գտել արևմտաեվրոպական կոմպոզիտորների և Մխիթար աբբահայր Սեբաստացու «Անճառին խորան. Տաղ Աստուածածնայ» ստեղծագործությունը:

Երգիչը շնորհանդեսին կենդանի կատարմամբ կներկայացնի հինգ ստեղծագործություն երգեհոնի նվագակցությամբ։ Նրա հետ հանդես կգա Աննա Բակունցը (երգեհոն):

«Ապրիլյան պատերազմից հետո ինձ տանջել է մի միտք, որ ես էլ երգով սփոփեմ որդեկորուս հայ մայրերին ու երգեմ՝ մեր հերոսների հիշատակը հավերժ վառ պահելու համար։ Ծնվեց երիտասարդ կոմպոզիտոր Տիգրան Համբարյանի «Ավե Մարիա» ստեղծագործությունը, որն առաջին անգամ կհնչեցնեմ շնորհանդեսին»,-նշում է Բարրոն:

Սկավառակի՝ հայաստանյան շնորհանդեսի մուտքն ազատ է: Միջոցառմանը սպասվում են նաև անակնկալներ։

Ադամ Բարրոյի հատընտիր հոգևոր երգերի հավաքածուն, որն օրեր առաջ է թողարկվել Փարիզում,  կրում է «Ավե Մարիա» խորագիրըԱյն երգչի երկրորդ ձայնասկավառակն է և արդեն վաճառվում է ֆրանսիական FNAC հայտնի խանութների ցանցում։ Սկավառակի նախաբանի հեղինակը  Ֆրանսիայում շատերին հայտնի երաժշտական քննադատ Ալեն Դյուոն է։