»»»Ես թագավոր, վարչապետ, կաթողիկոս հարգող մարդ եմ, Փաշինյանը հետագայում կհասկանա, որ սխալվել է․ Վ. Ղուկասյան

Ես թագավոր, վարչապետ, կաթողիկոս հարգող մարդ եմ, Փաշինյանը հետագայում կհասկանա, որ սխալվել է․ Վ. Ղուկասյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը կարծում է, որ եթե Գյումրու քաղաքապետի ընտրություններում առաջադրի իր թեկնածությունը, ապա կհաղթի։ Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Ղուկասյանը։
«Վախենում եք, որ ես դնեմ թեկնածությունս Գյումրու քաղաքապետի ընտրություններում ու անցնեմ, որովհետև 100 տարի է` սոցհարցումներ եք անում, ու գիտեք, որ իմ ռեյտինգը չի պակասում, ինչքան դնում եմ, անցնում եմ, դրա համար էլ հարձակվում եք»,- ասաց Ղուկասյանը, հավելելով․ «Հանգիստ եղեք, չեմ դնելու, բայց ժողովուրդն ինձ ամեն րոպե ասում է` ինչի ես մնացել, ինչի ես մեզ թողել անտեր»։

Դիտարկմանը, թե իր այն հայտարարությունից հետո, որ իր` քաղաքապետ եղած ժամանակ Գյումրին եղել է ամենաոչկրիմինալ քաղաքը, մամուլում սկսել են շրջանառվել Գյումրիում կատարված դեպքերը, որոնք կապվում են Ղուկասյանի ու իր հարազատների հետ, պատգամավորն արձագանքեց, թե մամուլում շրջանառված դեպքերից ոչ մեկում իրեն առնչվող քրգործեր չեն եղել:

«Մի բան հասկացա` որ եթե որևէ մեկի հետևից ժողովուրդ է գնում, պետք է անպայման վարկաբեկեն, խայտառակեն»,-ասաց նա:

Հարցին`ստացվում է , որ Նիկոլ Փաշինյանն իր ԱԺ ելույթում զրպարտու՞մ էր իրեն, Ղուկասյանը պատասխանեց.

«Ես պաշտոն հարգող մարդ եմ, Հայաստանի Հանրապետության թագավոր, վարչապետ և կաթողիկոս հարգող եմ և կոռեկտության մեջ եմ ինձ պահում: Ասել է, թե միգուցե հետագայում կզգա, որ սխալվել է, ոչինչ: Ես իրեն լավն եմ ցանկանում»,-ասաց Վարդան Ղուկասյանը:

Նա նշեց, թե բոլոր դեպքերի վերաբերյալ իրավաբանները ուսումնասիրություններ են անցկացրել, ինքն էլ արտոնյալ չի եղել, կարող են նորից ուսումնասիրել: «Ես պաշտոնապես հայտարարում եմ` թող իրավապահներն ի գիտություն ընդունեն»:

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում, նկատի ունենալով Վարդան Ղուկասյանին՝ քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնելու նախագծի մասին քննադատական դիտարկումներ արեց, սպառնաց ասֆալտին փռել և ծեփել պատերին բոլոր նրանց, «որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, և որոնք մտածում են՝ էս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձևով հարցի հարակից զեկուցող պատգամավորի սպառնալ»: