»»Դիարբեքիրի կիսավեր հայկական եկեղեցին ոչնչացման եզրին է

Դիարբեքիրի կիսավեր հայկական եկեղեցին ոչնչացման եզրին է

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի պատմական Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում գտնվող Սբ. Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին հայտնվել է գանձ որոնողների թիրախում: Նրանք հանում են եկեղեցու քարերը ու վաճառում, գանձ գտնելու հույսով անցքեր են բացում պատերին կամ հիմքերի մոտ, ինչի հետևանքով առանց այդ էլ կիսավեր եկեղեցին հայտնվել է ամբողջապես ոչնչանալու վտանգի մեջ, հայտնում է Ermenihaber-ը:

Թուրքալեզու աղբյուրը գրում է, որ արձանագրությունների ու պատմական հավաստի տեղեկությունների սակավության պատճառով եկեղեցու մասին  քիչ բան է հայտնի:

«Շվեյցարացի պատմաբան Մաքս վան Բերքհեմը «Ամիդա» անունով աշխատության մեջ գրում է, որ օսմանահպատակ հայերը եկեղեցին կառուցել են 1515 թվականին ու անվանել Սուրբ Սարգիս: 19-րդ դարի բանասեր, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանի աշխատությունում խոսվում է քարաշեն, հնգախորան հայկական եկեղեցու մասին, իսկ Թուրքիայի ասորական համայնքի ներկայացուցիչ, պատմաբան Գաբրիել Աքյուզը այդ եկեղեցու համար օգտագործում է Մոր Դումյանա անունը»,- նշում է աղբյուրը:

 

 

Եկեղեցու մասին տեղեկություններ է հաղորդել Անկարայի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի շրջանավարտ Ռուվեյա Թունչը, ով Գերմանիայում ղեկավարում է «Հիշողություն ու տեղանք» նախագծի աշխատանքները: Եկեղեցու վերաբերյալ ուսումնասիրություններ կատարած Թունչը նշում է, որ Սբ. Սարգիսը մյուս մեծ եկեղեցիների նման իր կազմում ունեցել է դպրոց.

«Այդ դպրոցն էլ եկեղեցուց շատ ուշ չի կառուցվել: 16-րդ դարում այնտեղ հայերեն լեզու և աստվածաբանություն է դասավանդվել: 1800-ականներին Դիարբեքիրի վիլայեթի 2 դպրոցներից մեկը Սբ Սարգսի, մյուսը Սբ Կիրակոսի կազմում էր: Այդ 2 դպրոցներում մինչև կեսօր հայերեն և թուրքերեն լեզուներ են դասավանդվել, իսկ կեսօրից մինչև երեկո՝ ձեռագործ արհեստներ: Սակայն հայոց պատրիարք Կարապետ 3-րդը, հասկանալով, որ գրագիտությունը բավարար մակարդակի վրա չէ, համայնքին շրջաբերական է ուղարկում՝ պահանջելով առևտրականների ու արհեստավորների հովանավորությամբ դպրոցներ կառուցել: 1800-ականներին այս վիլայեթներում ամենուր սկսում են դպրոցներ կառուցել: Դպրոցների կառուցմամբ աշխուժանում է կրթական գործընթացը, ինչի շրջանակներում Սբ. Սարգիս եկեղեցու կազմում 1847-ին մեկ հատ էլ օրիորդաց դպրոց է կառուցվում, որն ավելի ուշ դասընթացներ է առաջարկում նաև չափահասների համար: Այդպիսով դպրոցը շատ արհեստագործների համար առաջընթաց է ապահովել իրենց գործունեության ոլորտում:

Հայկական դպրոցներում հիմնականում դասավանդում էին այնպիսի առարկաներ, ինչպիսիք էին թվաբանություն, աշխարհագրություն, բնագիտություն, օսմանյան գրականություն, տրամաբանություն, քրեական օրենսգիրք, կրոններ, ինչպես նաև ձեռագործ աշխատանքներ:

Այսօրվա Դիարբեքիրի Յավուզ Սելիմ, Սուլեյման Նազիֆ նախակրթարանների շենքերը, Դիարբեքիրի առևտրի ու արդյունաբերության պալատի ու մի շարք այլ շենքեր այդ ժամանկներում կառուցված հայկական դպրոցներ են»:

2019-11-19T19:27:19+04:00November 19 19:27|Հասարակություն|0 Comments