Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանը  ֆեյսբուքյան  գրառում էր կատարել մեդիա դաշտի վերաբերյալ՝  ըսնգծելով՝ գնալով ավելի    է  համոզվում, որ մեդիա դաշտը Հայաստանում խորքային և էական բարեփոխումների կարիք ունի:

«Անհասկանալի է, թե ինչպես են որոշ կայքեր, աշխատելով նույն պայմաններում, նույն շուկայում, ունենալով նույն թիրախային շուկան էականորեն տատանվում իրենց եկամուտների և շահույթի մեջ, իսկ ոլորտի կայուն զարգացման համար անհրաժեշտ է կայուն մոդել: Սա մի բան է վերահաստատում. որ ոլորտը «կաշառված» է, ոլորտում շատերը ծառայում են X խմբերի կամ պաշտպանում X խմբի շահերը», —   իր գրառման մեջ ընդգծել էր վարչապետի դուստրը։

Անդրադառնալով  Մարիամ Փաշինյանի   գրառմանը՝ Hayeli.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր և  համանուն մամուլի ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը   irakanum.am-ի  հետ զրույցում նշեց․  «Ես իրեն խորհուրդ կտամ՝ գնա իրենց տանը, տանեցիներին՝ իր խմբագիր հայրիկին ու մայրիկին հարցնի, տեսնի՝  իրենք համակարծի՞ք  են իր ասածի  հետ։ Նա ի՞նչ իրավունք  է  իրեն  վերապահում, որ  ինչ-որ մեկնաբանություններ  տա, դասեր տա, դատողություններ անի՝ հատկապես այդ ոլորտի հետ կապված»։

Անժելա Թովմասյանի խոսքով՝ մեդիա դաշտը մեր երկրում ամենակայացած համակարգերից մեկն է։

«Իսկ դա  մի օրում չի ձեռք բերվել, ձեռք  է   բերվել 20-30  տարիների ընթացքում շատ ծանր, տքնաջան աշխատանքի արդյունքում։ Մենք երկար ճանապարհ ենք անցել, ամեն ինչ ենք տեսել․ կարծեմ՝ իր ծնողներն էլ են տեսել։ Մենք ծեծուջարդ ենք տեսել, պայքար ու բռնություն ենք տեսել․ դժբախտաբար, նաև  իր հոր իշխանության  ժամանակ էլ ենք մենք դա տեսնում, այս ամենի միջով  մենք անցել ենք․․․», —    նշեց Անժելա Թովմասյանը։

Հիշեցնենք՝  հոկտեմբերի 5-ին  4 հոգի հարձակվել էին  «Հայելի» մամուլի ակումբի վրա՝ ձվեր նետելով և պատերին պաստառներ փակցնելով։

Անժելա Թովմասյանի խոսքով՝ մեդիա դաշտի ներկայացուցիչները, իսկապես, դժվարին ճանապարհ են անցել։

«Մենք այս երկրի ամենակայացած համակարգերից, ինտիտուտներից մեկն ենք։ Եվ ինչ-որ աղջնակ՝ կլինի վարչապետի դուստրը, թե մեկ ուրիշը,  վեր կենա ու այսպիսի դատողություններ անի․․․․ Այնպես որ, թո՛ղ գնա, հանգիստ իր տեղը նստի», —  եզրափակեց Անժելա Թովմասյանը։

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն էլ նշեց՝ չարժե մեկնաբանել 20-ամյա աղջնակի գրառումները ու չարժե այսքան կարևորել նրա գրառումները։

Հարցին՝ իսկ միգուցե  վարչապետ Փաշինյա՞նն է խոսում Մարիամի բերանով, Արմինե Օհանյանը նշեց․ «Երբ Փաշինյանը  ինչ-որ հայտարարություն կանի, այդ դեպքում կմեկնաբանեմ, իսկ այժմ, կարծում եմ՝ չարժե իր դստեր ասածները մեկնաբանել»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ չբացառեց, որ այո՛, միգուցե, Մարիամ Փաշինյանի բերանով խոսում է  հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հետևաբար՝ չի բացառվում, որ առաջիկայում մամուլի դեմ  ինչ-որ ճնշող միջոցներ կիրառվեն։

Գագիկ Համբարյանը նշեց՝ թող Մարիամ Փաշինյանն իր ծնողներին էլ հարցնի՝ արդյո՞ք նրանք  լրագրողական գործունեություն իրականացնելիս  կաշառված եղել   են նյութեր գրելիս։

«Տարիներ առաջ, երբ Նիկոլ Փաշինյանի  ավտոմեքենան  այրել  էին, լուրեր էին պտտվում այն մասին, որ նա  լրագրողական գործունեությություն իրականացնելիս պատվիրատուի հետ ինչ-որ խնդիր է ունեցել, ու հենց դա  է հանգեցրել նրան, որ  ավտոմեքենան այրեն», —   ասաց Գագիկ Համբարյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն արդեն կարողացել է որոշակիորեն ճնշել ու  «իրեն ենթարկել» ԲԴԽ-ն, այժմ էլ դատախազության, ՍԴ-ի ու մամուլի հետ կապված   են նման փորձեր արվում։

«Շատ  տհաճ իրավիճակ կստացվի, եթե հաստատաբար պարզվի, որ Փաշինյանն իր դստեր միջոցով է փորձում մեսիջներ հղել մեդիայի ներկայացուցիչներին կամ էլ առաջիկայում քայլեր ձեռնարկվեն մեդիայի դեմ, քանի որ  չորրորդ իշծանությունը պետք է անկախ լինի․ նրա առաքելությունը շատ կարևոր է», —   ասաց Գագիկ Համբարյանը՝ Մարիամ Փաշինյանին կոչ անելով չխառնվել ու քննադատական հայտարարություններով հանդես չգալ այն ոլորտների մասին, որոնց մասին, թերևս, ինքը խոր պատկերացումներ չունի։
«Ես Մարիամ Փաշինյանին խորհուրդ կտամ, որ ինքը զբաղվի իր ուսումով։ Ինքը   դեռ հում է ու չպետք է նման  հայտարարություններով հանդես գա», —   ասաց Փաշինյանը։