ՀՀ վարչապետի աշխատակազմը քննարկում է վարչապետին սպասարկելու համար նոր ինքնաթիռի գնման տարբերակը: Այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը` շեշտելով՝ օդանավը տեխնիկական խնդիրներ ունի ու չի կարողանում հատել օվկիանոսը: Բացի այդ՝ ինչպես հայտնել ենք՝ որոշվել է նաև Կառավարական առանձնատունը վերանորոգել, թեև այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Էդուրադ Աղաջանյանն այդպես էլ հստակ չնշեց՝ որքան գումար է ծախսվելու։

Լուրեր են շրջանառվում այն մասին, որ շուրջ 2 մլն դոլար է ծախսվելու։ Փորձեցինք պարզել՝ արդյո՞ք ինքնաթիռը շատ հին է, որ նորը գնելու անհրաժեշտություն է առաջացել։

Այս պահին վարչապետ Փաշինյանին սպասարկում է 1998 թ. արտադրության «Airbus A319-132» ինքնաթիռը, որը կորպորատիվ դասի կամ VIP օդանավ է: Արտադրվել է Գերմանիայում՝ Համբուրգում։ Hetq.am-ից հետեղանում ենք ոև aerotransport.org կայքի տվյալներով, օդանավը, հաշվի առնելով տեխնիկական պարամետրերը, իր տեսակի մեջ եզակի է:

Ինքնաթիռի առաջին շահագործողը եղել է բրիտանական «Twinjet»-ը, որն այն տարբեր ժամանակահատվածներում օգտագործել է Քուվեյթում եւ արաբական աշխարհում հայտնի Ալ Խարաֆի գործարար ընտանիքի ընկերությունների, բրիտանական «Abercrombie & Kent» ճամփորդական ընկերության եւ նույնիսկ բրիտանացի հայտնի երգիչ Ռոբի Ուիլյամսի կարիքների համար (այն ժամանակ օդանավը կրում էր G-OMAK գրանցման համարը): Այնուհետ ինքնաթիռը փոխանցվել է Սաուդյան Արաբիայի «NasJet» ընկերությանը, սակայն վերջինս չի շահագործել, այլ փոխանցել է իրեն փոխկապակցված մեկ այլ տեղական ընկերության՝ «Al Khayala»-ին (HZ-NAS): 2007-ի նոյեմբերին VIP ինքնաթիռը տեղափոխվել է Հայաստան եւ կցվել նախագահի աշխատակազմին (օդանավը ՀՀ սեփականությունն է): Ռոբերտ Քոչարյանին մի կարճ ժամանակահատված սպասարկելուց հետո այն փոխանցվել է Սերժ Սարգսյանին: 2007-2014 թթ. ՀՀ նախագահական բորտը կրում էր EK-RA01 քաղաքացիական գրանցումը, ապա մտցվեց ռազմական օդանավերի ռեգիստր՝ 701 համարի ներքո: Ս. Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան (25.12.2017) Ինքնաթիռն այսօր ծառայում է ոչ միայն երկրի ղեկավարին, այլեւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների, մասնավորապես՝ վարչապետին:

Ըստ էության, նոր նախագահի ու վարչապետի օրոք էլ այս պրակտիկան կշարունակվի, քանի որ սա միակ պետական ինքնաթիռն է:

Վերոնշյալ թեմաների հետ կապված՝ irakanum.am-ը զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ տնտեսագետ Գևորգ Պապոյանի հետ։ «Ես հենց նոր Ձեզնից լսեցի այն մասին, որ քննարկվում է ինքնաթիռ գնելու հարցը,քանի որ այսօր Ծենգավիթում բնակիչների հետ հանդիպում ունեի, ու չեմ հասցրել մանրամասնորեն հետևել լրահոսին, բայց ես գիտեմ, որ դա վարչապետի համար ինքնաթիռ չի արվում, եթե գնվի, ուրեմն Հայաստանի համար է գնվելու։ Եթե անգամ ինչ որ բան է ձեռք բերվել՝ օրինակ մեքենա, դասպասարկում է պաշտոնյաներին, նրանց անձնականը չէ։

Օրինակ՝ նախորդ մեքենան սպասարկել էր Սերժ Սարգսյանին, հետո՝ Նիկոլ Փաշինյանին, այսինքն՝ այդ մեքենաները որևէ մեկինը չեն, անձնական չէ, դա Հայաստանի Հանրապետությանն է։ Նույնն էլ վերանորոգման պարագայում է․ էլի՛ Հայաստանի Հանրապետության համար է։ Կառավարական առանձնատան վերանորոգման հետ կապված՝ պետք է ասել՝ եթե չվերանորոգվեր, փլուզվեր հետո էլ մեղադրելու էին՝ ասելով՝ ինչու ուշադիր ու հոգատար չեն գտնվել, որ փլուզվել է»։

Գևորգ Պապոյանը նշեց՝ կառավարական առանձնատունը այս երկրի կապիտալն է, հետևաբար՝ այն պետք է խնամքով ու հոգատարությամբ պահպանել։

Հարցին՝ իսկ արդյո՞ք մեր երկրում չկան հարցեր, որոնք հարկավոր է ավելի սեղմ ժամկետներում լուծում տալ, չկա՞ն ավելի լուրջ պրոբլեմներ, քան կառավարական առանձնատան վերանորոգումն ու ինքնաթիռ գնելու պլանները, պատգամավորը պատասխանեց․ «ՀՀ պետական բյուջեն այս տարի 14 տոկոսով ավելացել է, և այո՛, կան խնդիրներ․ դրանք լուծվում են։ Օրինակ՝ կենսաթոշակառուների թոշակները 560 հազար մարդու համար 10 տոկոսով ավելանում է, նվազագույն աշխատավարձը 85 հազար մարդու կյանում փոփոխություն կբերի՝ 23 տոկոսով ավելանալու է, ոլորտային բազմաթիվ աշխատողների աշխատավարձեր 10-30 ըոկոսով ավելացել է։ ՀՀ-ում 500 կմ ավտոճանապարհ է կառուցվել․ դա այնքան ճանապարհահատված է, որքան նորոգվել է 2014, 2015, 2016 թվականներին կառուցված բոլոր ճանապարհները։ Մեկ տարում նախկին 3 տարվա չափ ավտոճանապարհ է կառուցվել»։

Գևորգ Պապոյանի խոսքով՝ այս իշխանությունը նախորդից միայն խնդիրներ է ժառանգել։

«Եվ այդ խնդիրները բազմապատիկ առագ լուծելով առաջ ենք ընթանում։ ՀՀ պետական բյուջեն 4 մլրդ դոլար է, որը աննախադեպ մեծ է, ընդ որում՝ պատմական ամենամեծ բյուջեն է սա։ Այսինքն՝ այս պայմանական ասած՝ ռեկորդները գանցելով առաջ ենք ընթանում։ Պետական բյուջեն 15 տոկոսով ավելացել է․ ինչի՞ վրա են ծախսվելու այդ միջոցները՝ մեր ժողովրդի ու հանրապետության համար», — ասաց պատգամավորը։

Հարցին՝ այս իշխանության ներկայացուցիչները բազմիցս հայտարարում էին, որ գողացված փողերը հետ են բերվելու․ ի վերջո, որտե՞ղ են այդ փողերը, ի՞նչ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ, պատգամավորը պատասխանեց․ «Ձեր հարցից հետո հիշեցի վարչապետի հայտարարությունը, որը նա արել էր Լոս Անջելեսում։ Նա նշել էր՝ վերադառնալու ենք 1998 թվականի ստատուս քվոյին․ չկասկածե՛ք, վերադառբալու ենք։ Վստահաբար այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Այժմ բազմաթիվ քրեական գործեր կան, բազմաթիվ մարդիկ հետախուզման մեջ են կամ ձերբակալված․ աշխատանքներն ընթացքի մեջ են։

Որևէ մեկի անմեղության կանպավարկածը չխախտենք, քանի որ ի վերջո, վերջնական որոշումը միայն դատարանն է կայացնում․ այս պահին ունենք այն, ինչ ունենք, — եզրափակեց պատգամավոր Գևորգ Պապոյանը։