Hraparak.am-ը գրում է՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հերթական ճոխ պարգևատրումներն է հատկացրել քաղաքապետարանի աշխատակիցներին։ Հոկտեմբերի 9-ի կարգադրությամբ Մարությանը ավելի քան 60 մլն դրամի պարգևավճար է հատկացրել քաղաքապատերանի 120 աշխատակցի, որոնցից ամենաբարձր պարգևավճարի արժանացել են իր տեղակալները։
Ճոխ պարգևատրումներից, թերևս, երկուսը ներկայացնենք, որոնք առավել քան աչքի ընկնող են․ 965 հազար դրամ պարգևավճար ստացել են քաղաքապետի տեղակալները,   840 հազար դրամ՝  մամուլի քարտուղարը։

Անդրադառնալով վերոշյալ թեմային՝ Երևանի   ավագանու «Լույս»  խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը նշեց․ «Քաղաքապետարանում աշխատավարձներ բարձրացնելու խնդիր կա՝ ավելի լուրջ մասնագետներ ներգրավելու համար․   դա միանշանակ է։  Լավ է, որ քաղաքապետը գնահատում է մարդկանց աշխատանքը, բայց եթե հաշվի առնենք՝  քաաքապետի ամփոփիչ զեկույցը և հաշվի առնելով, որ մեկ տարվա ընթացքում առանձնապես  որևէ լուրջ  արդյունք չունենք,  այնքան էլ դրական չեմ գնահատում այս չափի պարգևատրումները»։

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն էլ շեշտեց՝  ո՛չ դրական է վերաբերվում պարգևատրումների փաստին,  ո՛չ բացասական։

«Մենք վերջնականապես պետք է լուծենք այդ պարգևատրումների հարցը։  Պետք է հստակ մեխանիզմներ կիրառվեն, բայց օրենքում բացեր կան․ Մեր խմբակցության դիրքորոշումն այսպիսին է․ այս պարգևավճարները հարկավոր է վերացնել ու ֆիքսել հստակ չափի աշխատավարձ։ Հնարավոր է տարվա ընթացքում 13-րդ աշխատավարձի տեսքով դեկտեմբեր ամսին  կամ ասենք՝ կանանց մարտի 8-ին որոշակի պարգևավճար տրամադրել, որ դա լինի տարեկան 1 անգամ, առավելագույնը՝ 2 անդամ, որպեսզի երամսյակը մեկ անգամ պարգևավճար չտրամադրվի։  Իսկ եթե մարդը թերանա իր աշխատանքում, աշխատավարձից  հարկավոր է որոշակի պահում կատարել»։

Հարցին՝ եթե հաշվի առնենք քաղաքապետ Մարությանի թիմի  կատարած աշխատանքը, գրանցած արդյունքները,  նաև այն, որ մեր երկրում նվազագույն աշխատավարձը կազմում է 55 հազար դրամ, արդարացի՞ է, որ, օրինակ, քաղաքապետի տեղակալները ստանան այսքան բարձր պարգևավճար, Միքայել Մանրկյանը պատասխանեց․ «Մենք համարում ենք, որ ոչ, քանի որ մեկ տարի է անցել նոր քաղաքային իշխանության ձևավորման ժամանակից, ու այս ընթացքում այդքան նախընտրական խոստումից միայն մեկն է կատարվել՝ աղբահանության խնդիրն է  որոշաակիրորեն լուծվել, այն էլ՝ ոչ ամբողջությամբ։ Այսինքն՝ այո՛, արդարացված չէ,  որ մեկ տարվա ընթացքում միայն մի խոստման մի մասն է կատարվել  և   այժմ իրենք ստանում են այսքան  բարձր պարգևավճարներ», —   ասաց Միքայել Մանրիկյանը՝ շեշտելով՝ անշուշտ, պետք է նշել՝  քաղաքապետարանում՝ այդ թվում վերին օղակում կան աշխատողներ, որոնք բարեխիղճ են ու քրտնաջան աշխատում են, կան  աշխատողներ, որոնք անարդյունավետ են աշխատում, ուստի պետք է ֆիքսվի հստակ աշխատավարձի սանդղակ՝ զերծ մնալով պարգևավճարներից։

Երևանի Ավագանու «Իմ քայլը» խմբակցության  անդամ Իզաբելլա    Աբգարյանն էլ ընդգծեց՝ պետք է  քաղաքապետարանի աշխատակիցները ստանան հստակ, ֆիքսված աշխատավարձ, որպեսզի պարգևատրումների մասին լսելով՝ քաղաքացիները շոկի  չենթարկվեն, թեև պետք է հաշվի առնել, որ սրանք եռամսյակային պարգրատրումներ են, այսինքն՝   յուրաքանչյուր  աշխատակցի ստացած պարգևավճարը պետք  է բաժանել երեքի․ ընդ որում՝  սա արվում է օրենքի համաձայն։

Իզաբելլա Աբգարյանը շեշտեց՝  մի քանի ամիս առաջ, երբ   քաղաքապետն առաջարկեց    բարձրացնել աշխատավարձերը, դրա  հետ կապված՝ կոնսոնսուս չեղավ, քանի որ այդ փուլում դեռ հստակ չէր՝ ովքեր էին մնալու ու շարունակելու աշխատել քաղաքապետարանում, դեռ ատեստավորում տեղի չէր ունեցել, բացի այդ՝   այն ժամանակ քաղաքի առջև բազմաթիվ խնդիրներ կային ծառացած նաև աղբահանության խնդիրը լուծված չէր, իսկ այս փուլում արդեն կարելի է մտածել աշխատավարձերի բարձրացման մասին ու  հրաժարվել պարգևավճարներից։

«Քաղաքապետարանում ըստ աշխատանքի ծանրաբեռնվածության՝ պետք է բարձրացվեն աշխատավարձերը, քանի որ, իսկապես,  նրանց կատարած աշխատանքի ծանրաբեռնվածությունը  և աշխատավարձը չեն համապատասխանում իրար», —  նշեց Իզաբելլա Աբգարյանը։