Այսօր  համացանցում տարածվեց այն լուրը, թե ԿԳՄՍ նախարարությունը  20  մլն դրամ է տրամադրել  հայ ծանրամարտիկ, սեռափոխված Մել Դալուզյանի մասին ֆիլմ նկարահանելու համար։

Irakanum.am-ը փոևձեց պարզել՝ արդյո՞ք ֆիլմի ֆինանսավորման աղբյուրը  ճիշտ է նշված տվյալ հրապարակումներում։

ԿԳՄՍ մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը մեր թղթակցի հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալ թեմային՝  նշեց․ «Մրցույթի ներկայացված նախագծերը գնահատող անկախ հանձնախմբերը ձևավորվում են համաձայն Հայաստանի ազգային կինոկենտրոնի կանոնակարգի 5-րդ հավելվածի։

Անկախ փորձագետները չեն հանդիսանում ո՛չ Ազգային կինոկենտրոնի, և ո՛չ էլ նախարարության աշխատակիցներ, ավելին, չեն գործում հիշյալ գերատեսչությունների ենթակայությամբ:

Նրանք գործում են անկախ»։

Անժելա Կժդրյանն ընդգծեց՝ 2019 թվականի 1-ին մրցույթի հայտերը գնահատող լիամետրաժ նախագծերի փորձագիտական հանձնախմբի անդամներն են պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ  Արմեն Ադիլխանյանը, դրամատուրգ, սցենարիստ Կարինե Խոդիկյանը  և  կինոօպերատոր  Հայկ Կիրակոսյանը:

««Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգով մրցույթների ներկայացված լիամետրաժ նախագծերը գնահատող փորձագիտական հանձնախումբը ի թիվս այլ նախագծերի դիտարկել է նաև «Մել» ֆիլմի նախագիծը: Այն արժանացել է փորձագիտական հանձնախմբի հավանությանը և անցել է 2-րդ փուլ:

Պետական ֆինանսավորուման չափը (20 միլիոն դրամ) որոշել է փորձագիտական հանձնախումբը, որը կազմում է ֆիլմի ամբողջ բյուջեի 14%-ը: Ֆիլմը համատեղ արտադրվելու է  մի քանի պետությունների  համագործակցությամբ, ներդրողներ են եղել նաև ճապոնական, կանադական և եվրոպական հեռուստաընկերություններից, կինոֆոնդերից ու մեդիա ընկերություններից», —  նշեց Անժելա Կժդրյանը։

Նա նշեց՝  այս պահին ֆիլմը դեռ նկարահանումների փուլում է։

«Պետական ֆինանսավորում ստանալու համար կինոնախագծերի հայտերի մրցույթը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը», —  հավելեց Անժելա Կժդրյանը։