Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում որոշեց ներդրումային ծրագրի շրջանակներում  հարկային արտոնություն տալ գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ-ՄԱԱԶԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Այս  ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով կհետաձգվի։

«ՍԻԼ-ՄԱԱԶԱ» ՍՊ ընկերությունը   զբաղվում է հյութերի, զովացուցիչ ըմպելիքների և ջրերի (նաև գազավորված) արտադրությամբ։ Ներկայումս ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում ձեռք է բերել նոր շշերի կաղապարներ և պատրաստվում է ձեռք բերել նոր, ավելի մեծ արտադրողականություն ունեցող շշալցման հոսքագիծ, որը հնարավորություն կտա ընդլայնելու արտադրատեսականին և կնպաստի նախատեսված ներկրվող ապակյա շշերով (ընկերությունը պատրաստվում է 82 432 000 դրամի շիշ ներմուծել) շշալցման աշխատանքների արագ և արդյունավետ կազմակերպմանը: Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 118,945,000 դրամի չափով ներդրում, որից սարքավորումների ձեռքբերման համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 93 մլն դրամ, իսկ այլ ապրանքներ ձեռք բերելու համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 25.9 մլն դրամ։ Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 17 նոր աշխատատեղ` 160-170 հազ․ դրամ միջին աշխատավարձով: