ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ վերջին աղմուկի մասին հարցին, այդ թվում՝ BBC-ի հրապարակմանը:

«Ես տեղյակ չեմ, քննություն կընթանա, լրիվ պարզ կլինի: Ես չեմ կարող որևէ կարծիք հայտնել: Ես երբեք չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը նման հրահանգ տա, ժամանակը ցույց կտա: Որպես պատերազմ անցած մարդ երբեք ինքն իրան թույլ չի տա հրաման տա հայի վրա կրակել»,- ասաց Սասուն Միքայելյանը՝ ի պատասխան հարցին, թե ըստ BBC-ի հրապարակման՝ գեներալ Օգանովսոկու հրամանով են Մարտի 1-ին կրակ արձակել:

Հարցին՝ զինվորականը կարո՞ղ է նման հրամանը չկատարել, երբ իր առջև նման խնդիր է դրվում, նա պատասխանեց. «Կարող է, խի՞ չի կարող»:

«Ես չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման տա՝ կրակել իր ժողովրդի վրա, որն իր կյանքը դրել է այդ ժողովրդի, մեր պետականության համար, Արցախ աշխարհի համար»,-ընդգծեց նա: