»»Նոր մանրամասներ Երևանում կանխված զինված ռազբորկայից. պարզվել է բոլոր մասնակիցների ինքնությունը. կա ձերբակալված

Նոր մանրամասներ Երևանում կանխված զինված ռազբորկայից. պարզվել է բոլոր մասնակիցների ինքնությունը. կա ձերբակալված

SHAMSHYAN.com-ի տեղեկություներով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 235 հոդվածի 1-ին մասին հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է օգոստոսի 15-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի կողմից ձեռնարկված հատուկ օպերացիայի արդյունքում՝ Երկաթուղայինների 1-ին հասցեում կանխված զինված «ռազբորկայի» փաստով: Այդ օրը, իրավապահների հմուտ, ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում ոչ միայն կանխվեց «ռազբորկան», այլև դեպքի վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել և քննիչի որոշմամբ առգրավվել են «Մակարով» տեսակի ատրճանակներ, որոնցից մեկը լիցքավորված 8, մեկը՝ 7 մմ տրամաչափի փամփուշտներով: Հայտնաբերվել է նաև «Magnum» գրառմամբ գաղտնի փականով դանակ:

Նշված վայրից ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկվել Երևան քաղաքի բնակիչներ, 21-ամյա Էդգար Ապիյանը, 19-ամյա Վազգեն Հայրապետյանը, 27-ամյա Սարգիս Աբգարյանը, 22-ամյա Արտյոմ Հասրաթյանը, 20-ամյա Ավետիք Բերբերյանը, 34-ամյա Արտակ Մարտիրոսյանը, 23-ամյա Վահագն Խանպապյանը, 43-ամյա Արեգ Սիմոնյանը, 33-ամյա Խաչատուր Բաղդոյանը, 29-ամյա Արթուր Խուդավերդյանը, 33-ամյա Գուրգեն Սմբատյանը, 31-ամյա Սևակ Կատվալյանը և Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 34-ամյա Սամվել Թումասյանը: Վերջինիս մոտից հայտնաբերվել է 1 հատ կաթոցիչ (պիպետկա)՝ լցված դեղնականաչավուն զանգվածով:

Հաջորդ օրը՝ օգոստոսի 16-ին, Ս. Թումասյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է, իսկ մնացած բերման ենթարկվածները բաց են թողնվել: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի եւ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հետ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, կանխել էին Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի «վստրեչի» խաչմերուկի հարեւանությամբ գտնվող բենզալցակայանի մոտ տեղի ունեցող «ռազբորկան»:

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով վնասազերծել եւ ոստիկանության Էրեբունու բաժին էին բերման ենթարկել 1 տասնյակից ավելի անձանց, որոնց ինքնությունը նախաքննության շահերից ելնելով՝ չենք հրապարակել։ «Ռազբորկայի» վայրում հայտնաբերվել էր 2 հատ «Մակարով» տեսակի ատրճանակ՝ ամեն մեկը լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով: Դեպքի վայրում աշխատել էին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

2019-08-17T20:06:36+04:00August 17 20:10|Իրավական|0 Comments