»»«Օր-օրի իմ վիճակը վատանում է». վիրավոր զինհաշմանդամը պատրաստ է նամակագրությունը հրապարակել

«Օր-օրի իմ վիճակը վատանում է». վիրավոր զինհաշմանդամը պատրաստ է նամակագրությունը հրապարակել

Ինչպես հայտնի է, վերջերս լրատվամիջոցներում  տարածվեց մի հրապարակում,  որում ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանի գրասենյանյակն  օրերս մի  հրապարակում ներկայացրեց, որում հերքում էին այն տեղեկությունները,  թե   բարեգործական հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանը մերժել է օգնել  Ապրիլյան պատերազմի վիրավոր զինհաշմանդամ Հայկ Սեխլիյանին:

Այդ օրերին Աննա Հակոբյանը խոսնակի, իրեն սպասարկող անձնակազմի   հետ գտնվում էր Բեյրութում, որտեղ  մասնակիորեն մասնակցում էր Անթիլիասում անցկացվող հայ մամուլի խնդիրներին նվիրված համաժողովին:

Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը հուլիսի 3-ին արձագանքեց   «168 ժամ» պարբերականի հրապարակած «Աննա Հակոբյանը հրաժարվել է օգնել Ապրիլյան պատերազմի վիրավոր զինվորին» հոդվածին: Հասմիկ Հակոբյանի ներկայացրած հրապարակումն ուներ այսպիսի վերտառություն․ «Աննա Հակոբյանը չի մերժել աջակցել Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյան»։

Միաժամանակ, նույն այդ տեքստում նշվում էր․ «Այս տարվա փետրվարին, ապա մայիսի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսների ընթացքում նա խնդրել է «Իմ քայլը» հիմնադրամին չդիմել անհատական առողջական խնդիրներով. «Ես ներողություն եմ խնդրել և կրկին ներողություն եմ խնդրում, որ մենք չենք կարողանում այդ անհատական դիմումներին արձագանքել, որովհետեւ դրանք շատ մեծ թիվ են կազմում և շատ մեծ ռեսուրս են պահանջում, և եթե մենք զբաղվենք դրանով, ուրիշ ոչ մի բանով չպետք է զբաղվենք։ Երբ որ մեր միջոցներն այնքան մեծ կլինեն, որ մենք մեր անելիքները անելուց դուրս հավելյալ բյուջե կունենանք, կսկսենք նաեւ մարդկանց այդ ճանապարհով օգնել»,- ասել է Աննա Հակոբյանը (https://mystep.foundation/hy/news/345/)։ Հիմնադրամին առողջական խնդիրներով դիմող քաղաքացիներին պատասխան տրվում է այս մոտեցման շրջանակներում»։

Ավելին՝ Աննա Հակոբյանի գրասենյակի տարածած հրապարակման մեջ նշվում էր․ «Հայկ Սեխլիյանի  անունից չի ստացվել Հիմնադրամում՝ ոչ էլեկտրոնային փոստով, ոչ ֆեյսբուքյան էջի միջոցով։ Բազմաթիվ հեռախոսազանգերի մեջ հիմնադրամի աշխատակիցները չեն առանձնացրել նրա զանգը եւ հնարավոր է, որ զանգի պահին էլ  չեն ըմբռնել ում հետ են խոսում եւ տվել են առողջապահական խնդիրների վերաբերյալ դիմումների ստանդարտ պատասխանը։

Սակայն սույն թվականի հունիսի 14-ին Հայկ Սեխիլյանը նամակ է գրել Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջին, որին ի պատասխան նրան խնդրել ենք հեռախոսահամար տրամադրել, որպեսզի իր հետ հնարավոր լինի մանրամասն քննարկել հարցը։ Հեռախոսազրույցում Հայկ Սեխլիյանը Աննա Հակոբյանի մամուլի խոսնակին ներկայացրել է իր առողջական վիճակը, բուժման հնարավորությունները։ Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայկ Սեխլիյանը կուղարկի իր առողջական վիճակի մասին բժշկական փաստաթղթերը, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել նրա բուժումը։ Հայկ Սեխլիյանին ասվել է, որ նրա հարցով կզբաղվենք և իր հետ կապ կհաստատենք, երբ գտնենք բարերարների կամ կազմակերպությունների, որոնք կօգնեն ապահովել այդ թանկարժեք վիրահատությունը։ Արդեն իսկ կապ ենք հաստատել մի շարք կազմակերպությունների, բժշկական կենտրոնների հետ, ներկայացրել ենք Սեխլիանի առողջական վիճակն ու փորձել ենք  գտնել աջակցության որևէ տարբերակ։

Ներկայում էլ շարունակում ենք ջանքերը Հայկ Սեխլիյանին օգնելու համար»։

Փաստենք՝ Աննա Հակոբյանի գրասենյակի տարածած հայտարարությունում նշվում է՝ Հայկ Սեխլիյանի անունից չի ստացվել հիմնադրամում՝ ո՛չ էլեկտրոնային փոստով, ո՛չ ֆեյսբուքյան էջի միջոցով, իսկ Հայկը վստահեցնում է, որ գրել է ֆեյսբուքյան էջին, ստացել մերժողական պատասխան․ նամակագրությունն էլ առկա է։ Այս մասին Հայկ Սեխլիյանը նշեց մեր թղթակցի հետ զրույցում։

Բացի այդ՝ Աննա Հակոբյանի   հինադրամի տարածած նյութում ասվում է՝ ջանքեր է գործադրել Հայկին օգնելու ուղղությամբ։

Irakanum.am-ш  թղթակցի դիտարկմանը, թե Աննա Հակոբյանի գրասենյակը հրապարակավ հայտնել է, թե չեն հրաժարվել օգնել Ձեզ, ջանքեր են  ներդրել՝ փորձելով օգնել Ձեզ, Հայկ Սեխլիյանը պատասխանեց․ «Գլուխները  պատին են տալիս։ Ես իրենց էլ եմ զգուշացրել։ Եթե հանկարծ մյուս անգամ  էլ ասացիք, որ դուք ինձ չեք մերժել, ինչ որ ֆեյսբուքով գրել եք, դրանք հրապարակելու եմ։ Ֆեյսբուքով՝ մեսինջերով տիկին Հակոբյանի էջին եմ գրել, պարասխանել է խոսնակը՝ Հասմիկը»։

Հարցին՝ այսինքն՝  եթե Աննա Հակոբյանի գրասենյակը  իր հարապարակման մեջ նշել էր,  որ ջանքեր են ներդնում Ձեզ օգնելու համար, դա այդպես չէ՞, Հայկ Սեխլիյանը պատասխանեց․ «Իրենց հարցրեք էլի, ինչո՞վ են ինձ աջակցել։ Այսպիսի բան չկա։

Դրանից հետո՝ հուլիսի 3-ին Հասմիկ Հարությունյանն է կապ հաստատել ինձ հետ, ասաց՝ իրենք Բեյրությում են գտնվում տիկին Աննայի հետ, այդ հարցով զբաղվում են։ Հեռախոսազանգ չի եղել, ինչպես իրենք են ասում։ Ինչ որ եղել է, եղել է մեսինջերով՝ նամակագրություն։ Այդ նամակագրության մեջ թող նայեն, այդ  որտե՞ղ են գրել, թե իմ հարցով զբաղվում են։ Իրենք ասել են՝ մենք այդպիսի ծրագիր չունենք, անհատական՝ զինվորին կամ առհասարակ, քաղաքացուն  օգնել չեն կարող, որ նա բուժվի արտերկրում կամ ինչ-որ տեղ, գրել էին՝ մեր ծրագրերում  նման բան չկա»։

Հարցին՝ որոշ ժամանակ է անցել․ գոնե հիմա վարչապետի տիկնոջ  ղեկավարած հիմնադրամը պատրաստականություն ունի՞ օգնել  Ձեզ, Հայկ Սեխլիյանը պատասխանեց․ «Նույնիսկ վարչապետը չունի պատրաստակամություն, նրա տիկինը որտեղի՞ց ունենա։ Ամիս ու կես առաջ այս աղմուկը բարձրացավ։ Դրանից հետո Հասմիկ Հարությունյանը եկավ Բեյրութից, խոստումը կատարեց, կապվեց ինձ հետ ու ասաց՝ իմ հարցով վարչապետն է զբաղվում։ Ասացի՝ շատ բարի։

Վարչապետն էլ մի ամիս դրանիվ զբաղվեց՝ այսօր-վաղը, այսօր–վաղը․․․ Անցած շաբաթ՝  շաբաթ օրը զանգեցին, ասացին մերժում ենք, Գերմանիայից 100 տոկոսանոց երաշխիք չկա, որ կբուժվեմ․ դա էր պատճառը, որ մերժեցին օգնել, որ  Գերմանիա գնամ՝ բուժվելու։

Առողջապահության նախարարությունն էր մերժել։ Այսպես ձգձգելն իմ վիճակն ավելի է բարդացրել։ Օր օրի իմ վիճակը  վատանում է, ժամանակն ի վնաս ինձ է աշխատում։ Ես ողնաշարի T3-T4 մակարդակի վնասվածք  եմ ստացել, ինչի հետևանքով ոտքերիս շարժը, զգացողությունը բացակայում  էր, ընդհանրապես չկար։ Բայց հետո կարողացա հենակներով քայլել։ Գերմանիայում էլ նշեցին, որ 75 տարում առաջին դեպքն են տեսնում, որ ողնուղեղը այդպես վնասվի, բայց մարդը քայլի։

Քայլել ասելը սա է․ ձեռնափայտով մոտ 50 մետր կարողանում եմ քայլել․ դանդաղ ու դժվարությամբ, բայց կարողանում եմ քայլել։ Անցած տարի իմ հրամանատարի շորհիվ գնացի  Գերմանիա, քանի որ  այստեղ՝ Հայաստանում բժիշկները նշեցին՝ չեն կարող բուժել ինձ, հրաժարվեցին։ Սկզբում ասում էին՝ թող այստեղի բժիշկները գրեն, որ  չեն կարող բուժել, կուղարկենք արտերկիր, եկավ, այդ պահն էլ հասավ, բժիշկները գրեցին, թե չեն կարող ինձ բուժել։

Եկավ հասավ այդ պահը, նոր պատճառներ բռնեցին․ ասացին՝ Գերմանիայից փաստաթղթեր բե՛ր՝ ինչ մեթոդներով  են բուժելու, ինչպես, բուժումն ինչքան ժամանակում կիրականացվի, ինչ կարժենա․․․․ Այդ բոլոր փաստաթղթերը բերեցի, տվեցի։ Ինձ Գերմանիայում ասացին՝ քեզ 6 շաբաթում ոտքի կհանենք, իսկ  ոտքերի զգայունակությունը՝ չենք խոստանում, քանի որ ուշ եք դիմել։ Աացին՝ եթե  չկարողանանք մեր ասածն անել, այսինքն՝ որ եթե ստացվի այնպես, որ բուժվելուց հետո չկարողանամ առանց  ձեռնափայտի քայլել,  իրենք այդ 35 հազար եվրոյից մոտ 30 հազար եվրոն  հետ կտան, այսինքն՝ հետ չեն տալու իմ ճանապարհածախստ, սննդի փողը և պալատի վճարները։ Բոլոր փաստաթղթերը ուղարկել էի իրենց, այս ասածներս էլ դրանում նշված է եղել։ Դրանից հետո  վարչապետի խորհրդականը զանգեց, ասաց՝  Գերմանիայում ուրիշ կլինիկա ենք գտել, փաստաթղթերը այնտեղ ենք ուղարկել։ Ես էլ ասացի՝ ինձ համար տարբերություն չկա,  կարևորն այն է, որ ես քայլեմ։

Երկու շաբաթ էլ  ձգձգվեց։ Ասացին՝  գերմանական այն կլինիկան, որտեղ Կառավարությունն էր դիմել, ավելի թույլ երաշխիքներ էր տվել, քան այն կլինիկան, որտեղ ես էի դիմել՝ Բադեն-Բադենում։ Հիմք ընդունելով այս ամենը՝ Կառավարությունից ասացին՝ Գերմանիայում 100 տոկոսանոց երաշխիք չեն տվել։ Ես էլ ասացի՝ եկե՛ք գնանք Հայաստանի բժիշկներին էլ դիմենք․  նույնիսկ անգինայի բուժման համար բժիշկը չի ասում՝ 100 տոկոսանոց երաշխիք ենք տալիս։ Իմ կյանքի երեսուն տարիների  ընթացքում չեն լսել, որ բժիշկն ասի՝ 100 տոկոսանոց երաշխիք եմ տալիս», –   ասաց Հայկ Սեխլիյանը։

Նա ընդգծեց՝  չի ուզում դրամահավաք կազմակերպել, իսկ այն դրամահավաքը, որը կազմակերպվել է, եղել է իր ընկերների նախաձեռնությամբ՝ առանց իրեն նախապես տեղյակ պահելու։

«Ես չեմ կարող մուրացկանի պես  խնդրել, որ օգնեն, որ ինչ-որ բան անեն ինձ համար․ դա իմ սկզբունքների մեջ չի մտնում։ Մինչև այս էլ՝ ուղիղ մեկ տարի առաջ,  վարչապետի հետ 4 անգամ առերես հանդիպել եմ, զրուցել ենք։  Մասմագետներին կարգադրեց, որ իմ հարցով զբաղվեն։ Ի դեպ, Արմեն Մուրադյանը՝ բժշկական համալսարանի ներկայիս ռեկտորն էլ է նրան ներկայացրել իմ առողջական վիճակը։

Մի տարի անցավ, պատասխան չեկավ։ Ես նամակ գրեցի, ասացի՝ խնդրում եմ ասեք՝ օգնելու եք, թե ոչ, ասեք՝ այո, թե ոչ։ Եթե ժամանակին  աջակցեին, Գերմանիայում բուժվոի, արդեն իսկ  բուժված կլինեի։ Ես նախապես նպատակ չեմ ունեցել արտերկիր գնալ։ Պայքարել եմ Հայաստանում այնքան ժամնանակ, մինչև որ բժիշկները հանձնաժողով ստեղծեցին ու երեք անգամ էլ հաստատեցին՝  գրավոր ու բանավոր, որ իրենք չեն կարող բուժել, իրենց ուժերից վեր է։ Դրանից հետո  դիել եմ արտերկրի կլինիկաներին։ Եթե ես մի տարի առաջ Գերմանիայում բուժված լինեի, հիմա հաստատ  կքայլեի։

Ես մեծ ակնկալիքով էի դիմել  Աննա Հակոբյանի հիմնադրամին, բայց որ այդպես պատասխանեցին, էլ ցանկություն էլ չունեցա ինչ-որ մեկին դիմելու։ Բոլորն էլ տեսնում են՝ իմ մասին ինչ են գրում։ Եթե ցանկանան, կաջակցեն, և կան մարդին, որ զանգում են, իրենց ուժերի ներածին չափով՝ նույնիսկ հարյուր դրամով են  պատրաստ լինում աջակցել», –   ասաց Հայկ Սեխլինյանը՝ նշելով՝ ինքը զինվորական է, սիրում է իր աշխատանքը։ Զրույցի վերջում նա նշեց՝ անկախ ամեն ինչից՝ ինքը միշտ լավատես է։
«Լավ է լինելու։ Ուրիշ տարբերակ չկա։ Ես միշտ լավատես եմ», –  ասաց Հայկ   Սեխլիյանը։

Ի հավելումն այս ամենի՝ նշենք, որ  Գերմանիա մեկնելու, բուժվելու համար Հայկին անհրաժեշտ է 35 հազար եվրո․ ԱԺ-ի բակում  Վարդավարին խալիներ լվալու միջոցառման համար ծախսվել է 5 մլն դրամ, այսինքն՝ Հայկի բուժման համար անհրաժեշտ գումարի գրեթե մեկ երրորդը,  իսկ  քաղաքացու օրը նշելու համար ծախսվել էր ավելի քան 124 մլն դրամ․․․

2019-08-16T12:01:23+04:00August 16 11:44|Հասարակություն|0 Comments