Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վարդավառի օրը՝ հուլիսի 28-ին, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ գորգ լվանալու արարողություն։

Ըստ Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության՝ միջոցառումը նախաձեռնել էր ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, ով, ինչպես հետո մամուլում գրվեց, ընդամենը մի քանի րոպեով էր մասնակցել իր իսկ նախաձեռնած միջոցառմանը։

168.am-ն  Ազգային ժողովին հարցում էր ուղարկել՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե որքա՞ն գումար է ծախսվել այդ միջոցառումը կյանքի կոչելու համար։

Եվ ահա ԱԺ-ից մեզ տեղեկացնում են, որ Վարդավառի տոնի կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախաձեռնությամբ տեղի են ունեցել գորգերի հանրայնացման միջոցառումներ՝ գորգերի լվացում, ցուցադրություն, գորգագործության դասընթացներ։

«Վարդավառի տոնին Բաղրամյան պողոտան ժամանակավորապես երթևեկության համար փակվել է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Միջոցառման նպատակով հատկացվել է 4, 941, 300. 00 ՀՀ դրամ»,- նշված է ԱԺ պատասխանի մեջ։

Պատգամավորի՝ Բաղրամյան պողոտայում գորգերի լվացում իրականացնելու մասին նախաձեռնությունն իսկզբանե արժանացավ տարբեր մեկնաբանությունների։ Իշխանության կողմնակիցները հայտարարեցին, որ ավելի լավ է պատգամավորները գորգ լվանան, ի տարբերություն մյուսների, ովքեր պետական բյուջեի միջոցներն են «լվանում»։ Եղան նաեւ մեկնաբանություններ այն մասին, որ պատգամավորի առաքելությունն այլ է, որ նա օրենսդիր մարմնում պետք է բարձրացնի իր ընտրողներին հուզող խնդիրները, ելույթներ ունենա, եւ որ ամենակարևորն է ի նպաստ ժողովրդի օրենսդրական նախաձեռնություններ մշակի։

Irakanum.am-ը ուսումնասիրել է, թե վերը թվարկվածներից այս ընթացքում որն է իրականացրել պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։

Համաձայն parliamentmonitoring-ի Հռիփսիմե Գրիգորյանը ԱԺ-ում որեւէ ելույթ չի ունեցել, որեւէ հարց չի տվել այս կամ այն նախագիծը ներկայացնող պաշտոնյանին, կամ կառավարության անդամի։ Փոխարենը ակտիվ կոճակ է սեղմել։ Նա 96 անգամ կողմ կոճակն է սեղմել, 9-ը՝ դեմ։ Պատգամավորը որեւէ անգամ ձեռնպահ չի քվեարկել, խորհրդարանից էլ բացակայել է 85 անգամ։

Irakanum.am