»»Արցախի պետնախարարը ծանոթացել է ռմբապաստարանի կառուցման ընթացքին․ խորհրդակցություն եւ շրջայց Մարտունիում

Արցախի պետնախարարը ծանոթացել է ռմբապաստարանի կառուցման ընթացքին․ խորհրդակցություն եւ շրջայց Մարտունիում

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 13-ին այցելել է Մարտունու շրջան՝ ծանոթանալու պետական մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին:

Շրջկենտրոնում հրավիրած խորհրդակցությանը, որին մասնակցում էին գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանը, աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ, քննարկվել են հիմնականում քաղաքաշինության ու գյուղատնտեսության բնագավառներին առնչվող հարցեր:

Գ.Մարտիրոսյանը, խոսելով սոցիալական տարբեր խմբերի նկատմամբ պետության ունեցած պարտավորություններից, ընդգծել է բնակարանային խնդիր ունեցող քաղաքացիների հերթացուցակները կարճ ժամանակահատվածում ճշգրտելու անհրաժեշտությունը:

Վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանն ի պատասխան պետնախարարի դիտարկմանը, նշել է, որ վարչակազմում տեղի ունեցած բնակարանային հարցերով հանձնաժողովի հերթական նիստում առաջնահերթ է որակվել 14 բնակարանի տրամադրումը զոհված ազատամարտիկների, իսկ 3-ը՝ առաջին կարգի հաշմանդամություն ունեցողների ընտանիքներին:

Պետնախարարը պահանջել է բնակարանային այս ու խնդրահարույց՝ Մարտունու վթարային շենքերի շուրջ հստակ առաջարկություններով հանդես գալ մեկ շաբաթվա ընթացքում:

Պետական նախարարը բարձրացրել է նաև կենսական նշանակության խմելու ջրի և ճանապարհների խնդիրները, համայնք առ համայնք ճշտել՝ որ համայնքում ինչ ծավալի աշխատանքի կարիք կա:

Խորհրդակցության ընթացքում Գ.Մարտիրոսյանը քննարկել է նաև գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը: Շրջանում ևս ավարտվում է բերքահավաքը՝ բերքի տակ էր 14 220 հա, հնձման ենթակա տարածքներից մնացել է մոտ 722 հա: Ցորենի և գարու բերքատվությունը միջինից ցածր են, երաշտի պատճառով հողի մշակի ակնկալիքները չեն արդարացել հնդկացորենից, կտավատի բերքատվությունն էլ գնահատում են բավարար:

Գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը պետական նախարարին է ներկայացրել անասնաբուծության, հատկապես խոզաբուծության ոլորտում առկա խնդիրները: Շրջանի մի քանի բնակավայրերում մենատնտեսները շարունակում են անտեսել մասնագետների հորդորներն ու անասուները պահել բաց պահվածքով: Գրիգորի Մարտիրոսյանը հանձնարարել է դիմել խիստ միջոցների՝ հաշվի առնելով ԽԱԺ վարակի բռնկման վտանգը:

Խորհրդակցության ավարտին հաջորդել է պետական նախարարի շրջայցը քաղաքի գլխավոր շինհրապարակներից մեկը: Պետական պատվերով շարունակվում է բազմաբնակարան թաղամասի շինարարության երկրորդ փուլը: Եվս 92 բնակարան կտրամադրվի սոցիալական տարբեր խմբերի և հիպոթեքային մատչելի պայմաններով՝ երիտասարդ ընտանիքներին: Շինարարությունն իրականացնող «Ֆերզիտ» ընկերության տնօրեն Արթուր Խաչատրյանը վստահեցրել է, որ կարճ ժամանակահատվածում կավարտվի ներքին և արտաքին հարդարման աշխատանքները: Գրիգորի Մարտիրոսյանը անձամբ է ստուգել աշխատանքների որակը, իսկ շենքերից մեկի նկուղային հարկում ծանոթացել ռմբապաստարանի կառուցման ընթացքին:

Մարտունիում շարունակվում է նաև ճանապարհների սալարկման աշխատանքները: Պետնախարարը ճանապարհաշինության ծրագիրը արդյունավետ է գնահատել՝ պատասխանատուներից պահանջելով ապահովել աշխատանքների բարձր որակը:

Բերդաշենի դաշտերում Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպել է ծխախոտի, խաղողի և նռան մշակությամբ զբաղվող մենատնտեսների հետ, ովքեր փորձում են քայլ կատարել դեպի տեխնոլոգիապես բարձր գյուղատնտեսություն: Պետական աջակցությունն այս բնագավառում խորքային հորերի կառուցման, էլեկտրաէներգիայի սուբսիդավորման, մթերման և այլ հարցերում է:

Երեկոյան պետական նախարարը այցելել է նաև Տիգրանակերտի քարի մշակման արտադրամաս, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին ու արտադրական հնարավորություններին:

2019-07-14T14:27:47+04:00July 14 14:27|Հասարակություն|Comments Off on Արցախի պետնախարարը ծանոթացել է ռմբապաստարանի կառուցման ընթացքին․ խորհրդակցություն եւ շրջայց Մարտունիում