», Շոուբիզնես, Քաղաքականություն»Շոու-բիզնեսի ներկայացուցիչները պատգամավոր Արեն Մկրտչյանից պահանջում են հրապարակավ ներողություն խնդրել

Շոու-բիզնեսի ներկայացուցիչները պատգամավոր Արեն Մկրտչյանից պահանջում են հրապարակավ ներողություն խնդրել

Երգիչ, հաղորդավար Սամվել Գրիգորյանը  նշում է՝ շատ է բարկացել, երբ կարդացել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը, որով պատգամավորը շոու-բիզնեսի ներկայացուցիչներին հորդորել էր «առանց ավելորդ թպրտալու» հարկերը վճարել։

Արեն Մկրտչյանը, մասնավորապես, իր գրառման մեջ նշել էր․ «Այսպես կոչված շոու բիզնեսի ներկայացուցիչներ կան, որոնց ասում են հարկ վճարեք ու որոնք մի անբացատրելի հիստերիա են բարձրացրել։
Իրենք բյուջե ծամած որոշների հարևանի ծանոթի չայ դնողի թան սարքողի ծնունդին 20.000 դոլարով 4 երգ են երգել ու բյուջե 1 լումա չեն վճարել, ճակատներին էլ վաստակավորի կոչում են դակել։ Հետո իրենց ընտրությունից ընտրություն կանգնեցրել են Սերժի պաստառի տակ ու ասել բացականչե՛ք «անվտանգություն ու առաջընթաց»։
Էս մարդիկ ասում են օրինակ՝ Ֆրանսիայում ամեն ինչ լավ ա, ճանապարհները՝ բարձրակարգ, առողջապահությունը՝ բարձրակարգ, ուսուցիչների աշխատավարձը՝ բարձր, սպառազինությունը՝ նորագույն, մետրոն՝ ներառական ու ընդգրկուն…
Ֆրանսիայում ամեն ինչ լավ ա, որովհետև նույն երգիչը մինչև 70 տոկոս հարկ ա վճարում, ու էդ հարկով ա սպառազինությունը՝ նորագույն, աշխատավարձը՝ բարձր, առողջապահությունն էլ բարձրակարգ։
Ուրեմն կգնաք ու շատ արագ, առանց ավելորդ թպրտալու հարկերը կվճարեք։ Գյուղերում արևին ու անձրևին առևտրով զբաղվող տատիկ պապիկներից ոչնչով առավել չեք»։

Irakanum.am-ի հետ զրույցում անդրադառնալով պատգամավոր Արեն Մկրտչյանի  ֆեյսբուքյան գրառմանը՝ Սամվել Գրիգորյանը նշեց՝  պատգամավորն  իրավունք չուներ այդ կերպ դիմել շոու-բիզնեսի ներկայացուցիչներին և,  առհասարակ, որևէ մեկն իրավունք չունի մյուսներին այդպես դիմել:
«Շոու-բիզնեսի ներկայացուցիչների շարքում կան մարդիկ, որոնք Արեն Մկրտչյանի հոր տարիքին են. նա այդպես արտահայտվելու  բարոյական ի՞նչ իրավունքներ ունի:

Իսկ  ինքը  չէ՞ր թպրտում այն ժամանակ, երբ  Օպերայի բակում չեբուրաշկայի շորերով, չեբուրաշկայի կերպարով ուզում էր ներխուժել շոու-բիզնես, բայց չստացվեց», –  ասաց Սամվել Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ 2019 թվականի ապրիլին  ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել’ բացահայտելով, որ ինքն էր  հագել  չեբուրաշկայի շորերը Ազատության հրապարակում՝ ակցիայի    ժամանակ:

«Դիմացս չէի տեսնում, ակնոցով հագա համազգեստը։ Անցած տարի այս օրերին հերթական ակցիան էինք իրականացնում ՍՍ-ի երրորդ ժամկետի դեմ պայքարում», – ապրիլին կատարած ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր Արեն Մկրտչյանը։

Մեր թղթակցի հետ զրույցում Սամվել Գրիգորյանը պատմեց՝ ինքը հարկեր վճարում է, բայց  այդ մասին չի էլ բարձրաձայնել:

«Ուզում է նախագահը լինի, ուզում է պատգամավոր լինի,  ով ուզում է լինի, որևէ մեկն այդպես խոսելու իրավունք չունի», – ասաց Սամվել Գրիգորյանը՝ նշելով՝ էթիկայի հանձնաժողովը պետք է քննի  այս ամենը:

«Արեն Մկրտչյանը խոսում է նաև 20 հազար դոլարով երգող երգիչների մասին: Եթե մարդը երգում է 20 հազար դոլարով, ուրեմն՝ նա վաստակել է  դա: Մենք պետք է ուրախ լինենք, որ մեր երկրում կան երգիչներ, որոնք երգում են 20 հազար դոլարով: Հարկերի գանձման համար հատուկ պետական  մարմին գոյություն ունի, այս պատգամավորին ո՞վ է իրավունք տվել  այդպես խոսել:

Պետք է պահանջել, որ նա հրապարակավ ներողություն խնդրի. այդ պատգամավորի   արտահայտվելու ձևը շատ վիրավորական է, և ես սա ասում եմ ոչ միայն իմ, այլև իմ բազմաթիվ  գործընկերների անունից:

Շոու-բիզնեսում կան մարդիկ, որոնք աշխատում են Կարեն Դեմիրճյանի ժամանակներից, աշխատել են նաև  Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին, աշխատում են այժմ՝ Փաշինյանի պաշտոնավարման    օրոք, և  այդ մարդիկ չեն էլ պատրաստվում հրաժեշտ տալ շոու-բիզնեսին, նրանք դեռ շարունակելու են աշխատել. ահա այդպիսի մարդիկ կան շոու բիզնեսում:  Ո՞նց կարող է չեբուրաշկայի շորեր հագնող այդ երիտասարդը ասել «չթպրտա՛ք», «չթպրտալը» ո՞րն է», –  եզրափակեց  Սամվել Գրիգորյանը՝ հույս հայտնելով, որ էթիկայի հանձնաժողովն, իսկապես, կքննի  այս միջադեպը: