Երկկողմ համագործակցությունը զարգացնելու և ճանաչողական նպատակներով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան է ժամանել Ինդոնեզիայի Հանրապետության հետազոտությունների, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարարության պատվիրակությունը:

Տեղեկացնում է ԵՊԲՀ լրատվական ծառայությունը։ Վաղ առավոտից ԵՊԲՀ ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի, համալսարանական հիվանդանոցների ղեկավարների հետ մասնագետները քննարկեցին կրթական և կլինիկական ոլորտներին վերաբերող հարցեր: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ ողջունելով հյուրերին ընդգծեց, որ ԵՊԲՀ-ն միտված է ընդլայնել Ինդոնեզիայի հետ գիտական և մանկավարժական ոլորտում համագործակցությունը:

«Երևանի պետական բժշկական համալսարանն այս պահին ամենամեծ միջազգային բուհն է Հայաստանի Հանրապետությունում»,- նշեց ռեկտորը՝ հավելելով, որ ԵՊԲՀ-ում սովորող 8000 սովորողներից, յուրաքանչյուր 4-րդը արտերկրից է: Բուհի 1800 օտարերկրացի ուսանողները ներկայացնում են 18 ազգություն և վեց կրոն: Արմեն Մուրադյանը նշեց, որ հպարտանալու առիթ է, որ ԵՊԲՀ-ում կրթություն ստացած օտարերկրացի ուսանողները հաջողությամբ շարունակում են իրենց մասնագիտական գործունեությունն արտերկրում:

«Մենք առանձնակի կարևորում ենք յուրաքանչյուր շրջանավարտի հաջողությունը»,- շեշտեց բուհի ղեկավարը: Նա համառոտ անդրադարձ կատարեց նաև ԵՊԲՀ-ի պատմությանը, ընթացիկ աշխատանքներին ու ծրագրերին: Շուրջ 100 տարվա պատմություն ունեցող կրթական հաստատությունն ունի 6 ֆակուլտետ, 3 խոշոր բժշկական համալսարանական կենտրոն, կլինիկական բազաներ հանրապետության առաջատար բժշկական կազմակերպություններում: Այսօր հանրապետությունում աշխատող 10 000 բժիշկներից 90 տոկոսը ԵՊԲՀ շրջանավարտներ են: Արտերկրում մասնագիտական գործունեությունը շարունակում է 8000 շրջանավարտ, որից 500-ը՝ ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգում: Ինդոնեզիայից ժամանած հյուրերին ներկայացվեցին կլինիկական գործունեությունը:

Նրանք հետաքրքրվեցին համալսարանական կլինիկաներում ուսանողների պրակտիկ գիտելիքներ ստանալու հնարավորություններով, հիվանդանոցների հագեցվածությամբ, մատուցվող ծառայություններով: Շուրջ մեկ ժամ տևած քննարկումից հետո, պատվիրակության անդամները շրջեցին ԵՊԲՀ տարբեր մասնաշենքերում, ինչպես նաև այցելեցին սիմուլյացիոն կենտրոններ: Ինդոնեզիայի Հանրապետության պատվիրակությունը Հայաստանում է գտնվում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հրավերով:

Հայաստանի և Ինդոնեզիայի նախարարությունների միջև ստորագրվել է համաձայնագիր՝ տեխնոլոգիական բիզնես ինկուբատորների և գիտատեխնոլոգիական պարկերի հարցերով համագործակցության վերաբերյալ: Համաձայնագիրը ստորագրել են փոխնախարար Արևիկ Անափիոսյանը և Գիտության, տեխնոլոգիաների ու բարձրագույն կրթության կառուցվածքային հարցերով գլխավոր տնօրենի պաշտոնակատար Պատդոնո Սուվինյոն: