Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով հունիսի 30-ին երկօրյա այցով Մոսկվա կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու «Պառլամենտարիզմի զարգացում» խորագրով երկրորդ միջազգային համաժողովին:

Ինչպես  տեղեկանում է ԱԺ մամուլի ծառայությունից, Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը եւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մոսկվա այցից հետո Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հուլիսի 3-6-ը կլինի Նիկոսիայում: Այցի շրջանակում կլինեն հանդիպումներ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի, խորհրդարանի ղեկավար Դեմետրիս Սիլուրիսի, Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդի, ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ԱԺ նախագահը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հանդես կգա ելույթով:

Նիկոսիայում Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում կլինեն ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ պատգամավորներ Շաքե Իսայանը, Աննա Կոստանյանը, Ծովինար Վարդանյանը եւ Հռիփսիմե Գրիգորյանը: