Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ) ծրագրի իրականացման ընթացքը:

 

Ներկայացվել են ծրագրի շրջանակում նախատեսված՝ 400/220/10 կՎ «Դդմաշեն» ենթակայանի, էլեկտրահաղորդման 400/500 կՎ օդային գծի, հաստատուն հոսանքի «Այրում» փոխակերպիչ կայանի կառուցման աշխատանքները, ընթացիկ խնդիրները և առաջարկվող տեխնիկական լուծումները, ինչպես նաև տարածաշրջանային էներգահամակարգերի աշխատանքի սինխրոնիզացման հնարավորությունները: Արծարծվել են նաև Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցմանը, տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

 

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ծրագրի կարևորությունը՝ Վրաստանի հետ արդյունավետ էներգետիկ հաղորդակցության ապահովման, Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ համակարգերի տարածաշրջանային ինտեգրման համատեքստում և հանձնարարել պատասխանատուներին՝ շարունակել ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումը: