Կոտայքի մարզպետն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ  անօթևան մնացած  եղվարդցիերի խնդրին։

Նա նշեց՝ քաղաքացիները պարզապես ներխուժել են այդ տարածք և շուրջ մեկ տարի ապրում են։ Տարածքը հանրակացարանային շենք չէ, այլ արտադրական տարածք, լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն՝ անդրադառնալով Կառավարությա շենքի առջև երրրորդ օրն անընդմեջ բողոքի ցույց անող Եղվարդի Երևանյան խճուղի 11 հասցեից վտարված բնակիչների խնդրին։

«Այս ընթացքում բազմաթիվ անգամ բանակցել ենք։ Փոխհատուցելու բավականին տարբեր ծրագրեր ենք առաջարկել, այդ թվում՝ համայնքի ղեկավարը պարտավորվել է թիրախային, կետային լուծումներ առաջարկել այդ ընտանիքներին՝ մի մասի համար պետական հաստատությունները պետական բալանսից խնդրելու և համայնքային բալանս բերելու և բնակֆոնդի մեջ ներառելու տեսքով։ Բայց վտարման ենթակա այդ 6 ընտանիքները որևէ կոմպրոմիսի չեն գալիս և պնդում են, որ ուզում են ապրել այդ տարածքում։ Ցավոք, քանի դեռ սոցիալական շինարարություն չունենք, այդպիսի ընտանիքներին բնակարոնվ ապահովվելու որևէ գործիքակազմ չկա», — ասաց մարզպետը։

Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրեց, որ վերոնշյալ 6 ընտանքներին 6 ամիս ժամանակ է տրվել՝ ազատելու տարածքը, ևս 6 ամիս իր միջնորդությամբ է ավելացվել։ Ընդհուպ, այդ մարդկանց առաջարկել են 2-3 ամսվա վարձավճար տրամադրել, սակայն դրան ևս չեն համաձայնել։

Հարցին՝ ճի՞շտ է, որ վտարման գործընթացի ժամանակ ոստիկանները Եղվարի Երևանյան խճուղի 11 հասցեի բնակիչների նկատմամբ ուժ են կիրառել, ծեծել վերջիններիս, Կոտայքի մարզպետը հավաստիացրեց՝ ծեծի դրվագ չի եղել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում նշված հասցեի բնակիչները հայտնել էին, որ վարչապետի հետ հանդիպում են պահանջում և կառավարության շենքի առջև մնալու են այնքան ժամանակ, քանի դեռ իրենց խնդիրը չի լուծվել։