1996 թվականին Հայաստանի զորամասերից մեկում տեղի է ունենում սպանություն, երեք զինծառայող սպանված են, չորրորդ զինվորը, ով կատարել էր այդ սպանությունը ձերբակալվել և դատապարտվել է մահապատժի` գնդակահարության:
Մարդասպանի խարանով մահապատժի դատապարտվածը՝ 19 ամյա Աշոտ Մանուկյանն էր: Աշոտ Մանուկյանը 7 տարի սպասում էր մահվան: 2003թ օգոստոսի 1-ին հայաստանյան բանտերում գտնվող՝ մահապատժի դատապարտված 42 դատապարտյալ դարձան ցմահ ազատազրկվածներ։ Նրանց ճակատագիրը փոխեց գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի 01.08.2003թ. ՆՀ-103-Ա հրամանագիրը,որով նրանց ներում շնորհվեց եւ մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ:
Աշոտ Մանուկյանը 23 տարիների ընթացքում տառապել է ու ներում խմնդրել սպանվածների հարազատներից: Իր ցավն ու զղջումը նա արտահայտել է «Հանցագործություն, ողբերգություն, տառապանքներ» գրքում:
«Սիրելի զինվոր, սիրելի եղբայր, ինչպես կցանկանաս անվանել կատարվածը` արդեն շատ ուշ է, որևէ բան փոխել հնարավոր չէ: Հայրենիքը կորցրեց չորս զինվորի, չորս օջախի ծուխ մարվեց, չորս երիտասարդ կյանք մարվեց, ովքեր կարող էին լինել և հայրենիքի լավ զինվոր, և լավ քաղաքացի: Բայց տեղի ունեցավ սարսափելին, երեքը երկնքում են, չորրորդը` մարդասպանի խարանով, բանտում»,-գրում է Աշոտ Մանուկյանը:

Աշոտ Մանուկյանը տարիներ շարունակ ներում է խնդրել սպանված տղաների մայրերից: Մայրերը նրան ներել են: Վլադիմիր Օսիպյանի մայրը նշում է, որ Աշոտը իր մնացած կյանքը թող անցկացնի ազատության մեջ:
Աշոտ Մանուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանն էլ նշում է՝ Աշոտ Մանուկյանի գործը բացառիկ է, որովհետև նրա վարքը 23 տարիների ընթացքում եղել է բացառիկ լավը:

Ցմահ դատապարտյալը հարցազրույցի ընթացքում պատմում է իր երազանքների, հանցագործության դրդապատճառների և ազատության մեջ լինելու իր երազանքի մասին:
Մանրամասները՝ տեսաֆիլմում: