Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստերի աշխատանքը։ Օրակարգում մնացել է երկու նախագիծ։ Այժմ քննարկվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Օրակարգում է նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ պատգամավոր Արման Աբովյանը՝ հայտարարելով՝ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու հարկային օրենսգրքի փաթեթին։ ««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը․ մենք քվեարկելու ենք դեմ։

Համահարթեցման մասով, ըստ էության, ոչ մի փոփոխություն չի եղել։ Եվս մեկ անգամ վերահաստատեմ, որ մեզ համար համահարթեցման պահը սոցիալական արդարության դրսևորում է և մենք մեր դիրքորոշումը չենք փոխում», — հայտարարեց Արման Աբովյանը։ Խոսելով Աբովյանի ելույթի մասին՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը նշեց․ «Կարծում եմ՝ համահարթեցման միջոցով սոցիալական խնդիր չի լուծվում և սոցիալական արդարությունը պրոգրեսիվ հարկման միջոցով չի լուծվելու։

Մարդու աշխատանքի հարկումը չի կարող սոցիալական արդարության հարց լուծել։ Սոցիալական արդարության հարց կլուծվի, եթե մենք հարկենք հարստությունը, կապիտալը, անշարժ գույքը, չաշխատող գույքը։ Այդ նպատակով Կառավարությունը շուտով կներկայացնի նոր ռոֆորմ, որով թանկարժեք գույքերը, որոնք մի քանի մլն դոլոր արժեն, դրանց գույքահարկը կբարդրանա և դրանով, այո՛, որոշակիորեն սոցիալական արդարության հարց կլուծենք, կվերականգնենք, բայց աշխատող մարդու աշխատավարձը պակաս կամ ավել հարկելով՝ սոցիալական արդարություն չի վերականգնվում, որովհետև որևէ մեկը աշխատավարձով դեռևս չի հարստացել․ աշխատանքը և աշխատավարձը պարզապես լավ ապրելու միջոցներ են», — ասաց Գևորգ Պապոյանը։