Հայաստանի Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:
Արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 21 հարց։
Իր ելույթում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանն անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ երեկվա հայտարարությանը։

Հիշեցնենք՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանն ու կառավարությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել, որպեսզի ռուսական չվերթները Գյումրիում ավելանան:
Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահի որոշմամբ՝ Ռուսաստանից արգելվել են չվերթները դեպի Վրաստան։
«Ես մի քիչ ուսումնասիրեցի, շաբաթական մոտավորապես 30 չվերթ է եղել Ռուսաստանից դեպի Վրաստան։ Եվ այս առումով շատ կարևոր է, որ մենք կարողանանք Գյումրիի օդանավակայան բերենք այդ չվերթները։ Շատ կարևոր է այնպես անել, որ Ռուսաստանից եկող ու Ռուսաստան գնացող չվերթները Գյումրիի օդանավակայանում ավելանան։ Եվ դրա արդյունքում 400 մարդ ավելի կարող է Գյումրիի միջոց անցնել։ Դա ֆունդամենտալ կարևոր բան է, Գյումրիի զարգացմանն ուղղակի նպաստող հանգամանք է: Նաեւ այս եթերից օգտվելով կոչ եմ անում մեր Քաղավիացիայի պետ սիրուն աղջկան եւ մեր փայլուն աշխատող Կառավարությանը, որ այս օրերի ընթացքում շատ արագ միջոցներ ձեռնարկեն եւ այդ խնդիրը կարգավորեն, որովհետեւ մենք ուղղակի այդ հնարավորությունը չպետք է բաց թողնենք»,- նշել էր Մարուքյանը։

«Ցավում եմ, որ պարոն Մարուքյանը դահլիճում չէ, բայց հուսով եմ՝ նիստերին հետևելու առիթ կունենա։ Մանավորապես, Վրաստանում ստեղծված իրավիճակի, Գյումրիում չվերթների հետ ավելացման հետ կապված՝ պարոն Մարուքյանը երեկ կոչով էր հանդես եկել, ասելով՝ մեջբերում եմ․ «Քաղավիացիայի պետ սիրուն աղջկան եւ մեր փայլուն աշխատող Կառավարությանը»․․․ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ պարոն Մարուքյանը իրենց բակի բեդեդկայում ռեպլիկ էր թողնում բակով անցնող աղջկա հետևից։ Ուզում եմ հիշեցնել՝ պարոն Մարուքյանը պատգամավոր է և խոսում է քաղավիացիայի պետի մասին։ Կոչ եմ անում հարգել պատգամավորի մանդատը, իրեն դրսևորել կլասիկ պատգամավորի, ոչ թե ռաբիս պատգամավորի պես», — ասաց պատգամավոր Արեն Մկրտչյանը։