Հունիսի 23-ին, ժամը 19:14-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալագյազ-Սպիտակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Կ., ծնված 1958 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորը (Ս.Թ., ծնված 1959 թ.) հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: