Հունիսի 21-ին, ժամը 08.55-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Ֆրանսիայի հրապարակում ճանապարհային ոստիկանության ծառայողներին է մոտեցել մի քաղաքացի եւ հայտնել, որ իրեն դանակահարել են: Կանչվել է շտապօգնության խումբ։

Ոստիկանությունից հայտնում են, որ այնուհետեւ հիվանդանոցից հաղորդել են, որ շտապօգնության խումբը «Ֆրանսիայի» հրապարակից «կրծքավանդակի եւ ձախ բազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել արցախցի 40-ամյա մի տղամարդու։

Ոստիկանության Նոր-Նորքի եւ Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ միջոցառմամբ պարզվել է, որ տղամարդուն դանակով հարվածել եւ մարմնական վնասվածք է պատճառել 51-ամյա Արտեմ Ս․-ն, որը նույն օրը, ժամը 10.00-ին, Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին եւ տվել է խոստովանական բացատրություն:

Նրա մոտից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:

Պարզվել է նաեւ, որ Արտեմ Ս․-ն 2018թ. հոկտեմբերի 19-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում է գողությանը հանցակցելու մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Քննությունը շարունակվում է։