Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը մյուս համանախագահներ Ջեքի Սփիրի, Ադամ Շիֆի, Գաս Բիլիրաքիսի և Փիթեր Քինգի հետ համատեղ  Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների 100-ամյակի կապակցությամբ երկուսակցական բանաձև է ներկայացրել ԱՄՆ Կոնգրես:

Բանաձևում նշվում է Հայաստանում ժողովրդա­վարական առաջընթացի, այդ թվում` արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, ինչպես նաև երկկողմ քաղաքական, տնտեսական և ռազմավարական գործընկերության զարգացման, ՆԱՏՕ-ի շրջանակ­ներում խաղաղապահ առաքելություններին ՀՀ մասնակցության, օգնությունից առևտուր ձևաչափով համագործակ­ցության և ՀՀ ժողովրդավարացման հարցերում ԱՄՆ աջակցության վերաբերյալ:

Բանաձևում նշվում է նաև ԵԱՀԿ ՄԽ գործընթացում ՀՀ շարունակական կառուցողական դերի, ինչպես նաև հիշատակվում Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի կողմից 1994թ. ստորագրված հրադադարի մասին:

Համաձայն բանաձևի` ԱՄՆ Կոնգրեսը նշում է ԱՄՆ-Հայաստան շուրջ հարյուրամյա հարաբերությունները, երկու ժողովուրդների միջև հարատև բարեկամությունն ու կառավարությունների միջև ամուր կապերը, ինչպես նաև ամերիկահայ համայնքի ներդրումը Միացյալ Նահանգների զարգացմանը:

Կոնգրեսը նաև շնորհավորում է Հայաստանի ժողովրդին խաղաղ և սահմանադրական ուղիով իշխանափոխության իրականացման, ինչպես նաև 2018թ. դեկտեմբերին կայացած ժողովրդավարական արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ:

Բանաձևը Հայաստանին ԱՄՆ կողմից շարունակական աջակցության  կոչ է անում` միտված ամենատարբեր ոլորտներում, այդ թվում` ռազմական խորհրդատվությունների անցկացման միջոցով երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: