Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության նպատակը նախնական կամ հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա միջին որակավորմամբ մասնագետներ պատրաստելն է: Ոլորտի պատասխանատուներն էլ են այդ կարծիքին: Բայց միջին մասնագիտական կրթություն ստացողների մեջ քիչ չեն նաև նրանք, որոնց կարծիքով այն նաև կապող օղակ է հիմնական և բուհական կրթության միջև: Եվ շատ դեպքերում միջին մասնագիտական հաստատությունների ընտրությունը նրանց կողմից նախապես գիտակցված է լինում: Գալիս են որակավորում ստանալու և այդ ընթացքում կողմնորոշումը հստակեցնելու՝ ուզում են շարունակել հետագա մասնագիտացումն այդ ուղղություններով, թե ոչ:

Լիլի Ղազարյանը Վանաձորի պետական բժշկական քոլեջի դեղագործություն մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող է, գերազանցության վկայականով է դպրոցից եկել քոլեջ: «Մինչև 9-րդ դասարանը վստահ էի, որ բժիշկ եմ դառնալու, բայց 9-րդ դասարանն ավարտելիս կասկածներ առաջացան, որովհետև մաթեմատիկան էլ եմ շատ սիրում, ինձ համար դժվար ընտրություն էր՝ մաթեմատիկայով գնամ տնտեսագիտական, թե գամ առայժմ բժշկական քոլեջ: Որոշեցի համատեղել, այսինքն՝ քոլեջը կավարտեմ դեղագործի մասնագիտությամբ, իսկ բուհը կդիմեմ տնտեսագիտական: Դեղագործը բժշկից հետո երկրորդ մարդն է, երբ ընտանիքում ինչ-որ մեկին պետք է լինում, չենք գնում հիվանդանոց, գնում ենք դեղատուն, դեղագործից ենք խորհուրդ հարցնում: Այս միջին մասնագիտական կրթօջախները գերադասում եմ ավագ դպրոցից, որովհետև ավարտելուց հետո եթե բուհը ուրիշ բան էլ գնաս սովորելու, արդեն երկու մասնագիտություն կունենաս, ինչը կյանքում շատ է պետք գալիս: Առավել ևս եթե մարդիկ արդեն կոնկրետ կողմնորոշում ունեն՝ լինի ոսկերչություն, արհեստագործություն, ու չեն ուզում տարիներ կորցնել, ավելի լավ է միանգամից իրենց նախընտրած ուղղությամբ գնան»,-ասում է Լիլին:

Արթուր Շաքարյանը, ավարտելով Վանաձորի պետական բժշկական քոլեջի ատամնատեխնիկական գործ բաժինը, այնուհետև սովորել է Վանաձորի «Մխիթար Գոշ» համալսարանում և ստացել մագիստրոսի կրթական աստիճան, իսկ կլինիկական օրիդինատուրան շարունակել Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանում՝ ընտանեկան ստոմատոլոգիա մասնագիտությամբ: «Քոլեջը տալիս է մասնագիտություն, որն ուղիղ կապի մեջ է ապագա ընտրվելիք մասնագիտության հետ, կոնկրետ իմ դեպքում՝ ստոմատոլոգիայի հետ, որովհետև օրթոպեդիկ ստոմատոլոգիայում բժիշկն ու ատամնատեխնիկը գործի մեջ համակցված են աշխատում: Քոլեջում նախ ես ձեռք բերեցի ատամնատեխնիկի մասնագիտություն, որով «Մխիթար Գոշ» համալսարանում սովորելուս տարիներին արդեն աշխատում էի՝ ուսումս համատեղելով աշխատանքի հետ՝ մոտ 4-5 տարի: Ի տարբերություն մնացած ուսանողների՝ բացի տեսական գիտելիքներից՝ ամեն օր պրակտիկայի մեջ էի, մասնագիտական առարկաներից էլ արդեն իմացություն կար որոշակի՝ սկսած օրինակ ատամի անատոմիայից: Երբ բժշկի որակավորում ունեի և դիմեցի Բժշկական համալսարան, օրդինատուրայի բոլոր դիմորդների մեջ ամենաբարձր անվճար անցողիկ միավորն ստացա (ցավոք անվճար չընդունվեցի, չեմ կարող ասել ինչու այդպես եղավ), ընթացքում էլ ուսման մեջ էլ հաջողություններ ունեի,-պատմում է Արթուրը:-Քոլեջը նախևառաջ սկզբնական հիմք էր, փորձ, որը նաև ժամանակ տվեց հասկանալու՝ այդ մասնագիտությունը կսիրեմ, թե ոչ: Կարող է միանգամից գնաս սովորելու, առաջին-երկրորդ կուրսն ավարտելուց հետո հասկանաս, որ դա քոնը չէ: Այսինքն՝ թույլ է տալիս ճանապարհի կեսից ավելի շուտ կողմնորոշվել, ոչ թե գործը բարդացնել, հետո փոխել ուրիշ մասնագիտության: Այդ առումով էլ օգնեց, որ սկսեցի ավելի սիրել ու ավելի պատրաստված գնացի դրան»:

Բայց նաև խնդիրներ կան միջին մասնագիտական կրթությամբ բուհերում ուսումը շարունակող շրջանավարտների համար: Կարապետ Գաբրիելյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Վանաձորի մասնաճյուղի տնտեսագիտություն մասնագիտության հեռակա բաժնի երրորդ կուրսի ուսանող է: Վանաձորի գյուղատնտեսական քոլեջից դարձյալ գերազանցության դիպլոմով է ընդունվել բուհ, ապա մեկնել պարտադիր զինվորական ծառայության: «Բոլոր ժամանակներում էլ հաշվապահի, տնտեսագետի կարիք կա: Իրեն ուղղորդել եմ՝ լավ գործ կճարես, կճարես, չէ՝ սա կլինի ու կլինի,-Կարապետի պապիկն է պատմում՝ Միշա Կարապետյանը,-Ինքը չբավարարվեց միջին մասնագիտականով: Կարմիր դիպլոմով որ ավարտեց, հեռակայի երկրորդ կուրս նստեց, հետո էլ առաջին տարին հաջող քննությունները հանձնեց ու բանակ գնաց: Դե հեռակայի գերազանց-ոչ գերազանցը տարբերելը իմ կարծիքով մի քիչ շատ դժվար է էլի: Եթե մարդը ստացիոնար չի սովորում, դասերին չի նստում, դասախոսի բերանից բան չի լսում, ուղղակի ինտերնետից մի երկու բան է թխում, քննությունները հանձնում, դրա գերազանցիկը ես չեմ հասկանում: Կուզեի նաև, որ հնարավորություն տրվեր՝ գոնե մի տարի անվճար  լիներ, մինչև հարմարվեր, ա-ն ու բ-ն ջոկեր, որ կարողանար տեսներ՝ գերազանց կսովորի, թե չի սովորի, նոր վճարովի համակարգի տակ ընկներ: Մանավանդ այս սոցիալական ծանր պայմաններում շատ դժվարությամբ է այդ 300 հազար դրամ տարեկան վճարը ճարվում: Բազմազավակ  ընտանիք, նպաստառու, հողի հույսին ապրող ժողովուրդ, մի կերպ տալիս ենք, բայց որ երեխան սկսել է, պետք է ավարտի՝ ուզած-չուզած»:

Անահիտ Փարեմուզյանը Վանաձորի գյուղատնտեսական քոլեջը գերազանցությամբ ավարտած, այժմ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Վանաձորի մասնաճյուղի հեռակա ուսուցման համակարգով հաշվապահական հաշվառում մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող է: «Հենց սկզբից տրամադրված էի, որ բուհ եմ գնալու, ծնողներս խորհուրդ տվեցին, որ սկզբում քոլեջ դիմեմ, և հիմա համալսարանում ինչը որ անցնում ենք, որոշ չափով գաղափար ունեմ, ինձ համար ավելի հեշտ է, քան իմ կուրսեցիների, որոնք զրոյից են սկսել սովորել: Բայց կուզեի առկա բաժնում սովորեի, ոչ թե հեռակա: Ավելի շատ ուսանողի վրա է մնում սովորելու գործընթացը, ինչքան ուզում է աշխատես, ինքնուրույն գրքերը կարդաս, դասախոսը կարող է ինչ-որ մի խորհուրդ տալ կամ մի նախադասություն ասել, որ դու ամբողջ օրը գրքերը փորփրելով՝ չհասկանաս էլ: Բայց մեզ մոտ Վանաձորի մասնաճյուղում այդ հնարավորությունը չկա, բոլոր բաժինները հեռակա են: Լավ կլիներ մեզ մոտ էլ բացվեր. և՛ տարիների քանակն է քիչ լինում, և՛ վարձի հետ կապված խնդիրներն են ավելի թեթև: Առկան 300 հազարից մի փոքր է ավել վարձավճարը, իսկ հեռակայում 440 հազար դրամ է տարեկան: Ծնողներիս համար հեշտ չէ, երեք ուսանող են պահում, անցյալ տարի օրինակ ուսանողական վարկ ենք վերցրել ինձ համար: Հիմա փորձում եմ աշխատանք գտնել, գործատուները հիմնականում աշխատանքային փորձ են ուզում, դասընթացների վկայական, իհարկե քոլեջի դիպլոմս պետք է բավարար լիներ, բայց հիմնականում իրենք այդպես են մեկնաբանում, որպեսզի, իրենց ասելով,  վստահ լինեն»:

ՀՀ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսում ստացած բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու ընթացակարգը մի քանի անգամ փոփոխվել է: Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների` բուհերում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 20-ի N 589 որոշմամբ՝ «ՀՀ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումը կազմակերպվում էր՝ ըստ միջին ու մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնական պլանների համապատասխանության՝ 2-րդ կամ 3-րդ կուրսից՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության որոշմամբ՝ համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացմամբ, վճարովի հիմունքով՝ բացառությամբ նույն կարգով սահմանված դեպքերի (մրցույթից դուրս բարձրագույն ուսումնական հաստատության անվճար ուսուցման համակարգ էին տեղափոխվում՝ 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 16 տարեկան մանկուց հաշմանդամները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները, զոհված (մահացած) զինծառայողների երեխաները): 2014 թվականի մայիսի 19-ի «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի ընդունմամբ՝ 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 Կրթության մասին օրենքի համապատասխան մասը շարադրվեց հետևյալ խմբագրությամբ. «Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ՝ երկրորդ կուրսում՝ հեռակա ուսուցմամբ»: 2015 թվականի հուլիսի 8-ի Կառավարության N 752-Ն որոշմամբ՝ հաստատվեց նոր կարգ, ըստ որի՝ հավակնորդների կրթությունը բուհում կազմակերպվում էր՝ մինչև 2014 թվականը ՄՄՈՒՀ ընդունված հավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած և նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների մոդուլների առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը, իսկ հետագա ժամանակաշրջանում ընդունված հավակնորդների դեպքում՝ միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած և նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը: Ուսուցումը կազմակերպվում է վճարովի հիմունքով՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություններ ունեցող հավակնորդների՝ սույն կարգով կրթությունը շարունակելու դեպքերի:

ՀՀ ԿԳ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական  կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը օրենքի փոփոխությունը, ըստ որի՝ քոլեջների շրջանավարտներն ուսումը կարող են շարունակել միայն բուհերի հեռակա ուսուցման համակարգում՝ դրա՝ հավակնորդների համար վատթարացնող պայմաններով (վերոնշյալ խնդիրներից բացի, օրինակ հեռակայի ուսանողը բարձր առաջադիմության դեպքում էլ չի կարող անցում կատարել անվճար ուսուցման համակարգ), մեկնաբանում է հետևյալ կերպ. «Ենթադրենք յուրաքանչյուր տարի պետությունը տալիս է որոշակի թվով պետպատվեր տեղեր, 10 տոկոս էլ պետպատվերի շրջանակում անցում արվի քոլեջից բուհ, այդ պարագայում պետության կողմից քաղաքականությունը՝ ըստ մասնագիտությունների, կխախտվի: Միջին մասնագիտական և արհեստագործական համակարգի կարևորագույն խնդիրը աշխատաշուկայում որակյալ կադրեր պատրաստելն է: Իսկ եթե կլինեն շրջանավարտներ, որոնք այդ որակավորումը ստանալուց հետո՝ մասնագետի կամ արհեստավորի, կուզենան ավելի կատարելագործվեն և գնան բուհական կրթություն ստանան, կարող են գնալ ընդհանուր հիմունքներով ընդունվել և պետպատվերով ընդունվել: Հիմա միայն վճարովի համակարգ է: Չնայած ընդունում եմ, որ այստեղ խնդիր կա: Նախկինում էլ քայլեր ձեռնարկել ենք օրենսդրական փոփոխությունների, առաջիկայում էլ հավանաբար էլի փաթեթ կպատրաստենք՝ հաշվի առնելով նաև այն, որ մեր բարձրագույն կրության մասին օրենքով հեռական ընդհանրապես դուրս է գալու: Երբ օրենքը ընդունվի, բարձրագույնները հեռակա չունենան, միջին մասնագիտական ոլորտում էլ օրենքի խնդիրներ են առաջանալու, բնականաբար պետք է վերանայվի արդեն, որ մենք էլ անցումը ապահովենք՝ վերադառնանաք նախորդ՝ առկայի տարբերակին: Իսկ ավելի իդեալական տարբերակը պետք է լինի այն, որ նախնական ու միջին մասնագիտականը անցնեն կրեդիտային համակարգի: Այդ դեպքում կարող է երկրորդ կուրս նստել, կարող է երրորդ նստել: Այսինքն՝ կրեդիտներով անցումը լինի, ոչ թե մեխանիկական: Դա ապագայի խնդիր է, մի քիչ ավելի երկարաժամկետ կտրվածքով»:

Ադրինե Թորոսյան