ԱԺ-ում քննարկվում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, խոսելով այս նախագծի մասին, ասաց՝ նախագծով բարձրացրել են հյուրանոցների համար աղբի վճարման դրույքաչափերը և իջեցրել արտադրական աղբի դրույքաչափերը։ «Բայց, թափոնների տեսակները տարբեր են և ազդեցություն էլ տարբեր է, և կարծում եմ՝ արտադրական աղբի դրույքաչափերի նվազեցումը ողջամիտ չէ:

Նախագծով հնարավորություն են տալիս աղբի ծավալի դիմացով վճարել, բայց ո՞վ է կշռելու, ինչ մեխանիզմներով, խնդրում եմ հստակ մեխանիզմներ ներկայացնել: Ստացվում է՝ կարգավորում ենք անում, որի մեխանիզմները չգիտենք ու որը վիճակն ավելի է վատացնելու»,-ասաց նա։ Այս ելույթից հետո Պապոյանը Սամսոնյանի մեկնաբանությունը որակես պոպուլիստական։ Քիչ անց Անի Սամսոնյանը անդրադարձավ Պապոյանի ելույթին։ «Պարո՛ն Պապոյան, ես Ձեզ երկու հստակ հարց տվեցի, բայց դուք հպարտորեն մոտեցաք այս ամբիոնին և իմ դեմքին շպրտեցիք «պոպուլիստ» բառը, բայց դա չկոծկեց Ձեր դիլետանտությունը։ Ես երկու հարց տվեցի, առաջին՝ Դուք, որ այս նախագծով վերանայել եք դրույքաչափերը, տարբերո՞ւմ եք արտադրական ու կենցաղային թափոններից․ խնդրում եմ, գնացե՛ք, ուսումնասիրե՛ք դրանց տարբերությունը, դրանց տեղափոխման տարբերությունը։ Դուք ամբիոնից ցույց տվեցիք, որ այս մասին ոչինչ չգիտեք, պարո՛ն Պապոյան։

Ես տվեցի նաև երկրորդ հարցը՝ արդյո՞ք սահմանել եք այն մեխանիզմները, թե ինչպես պետք է վճարել աղբի դիմաց։ Դուք չպատասխանեցիք իմ հարցին, և դա բնական էր, քանի որ Դուք չունեք այդ հարցի պատասխանը։ Ձեզ մոտ վատ սովորություն կա, սովոր եք ամեն ինչ թողնել մարդու վրա, անգամ աղբի ծավալի չափումը։ Ձեր նախագիծն ամբողջութթյամբ դիլետանտ նախագիծ է, պարո՛ն Պապոյան։ Ես Ձեզ խորհուրդ կտամ մինչև որոշել, թե աղբի ծավալի համար ինչպես պետք է վճարվի կամ մինչև հյուրանոցների գրպանները մտնելը քաղաքից աղբը հավաքե՛ք։

Դեռ դեկտեմբերին ելույթ ունեցա Երևանի ավագանիում, ձեր քաղաքապետն ինձ ասաց՝ Դուք պոպուլիստ եք, ես լուծում եմ այս հարցը, լուծելու եմ։ Նաև թափառող շների հարցը լուծե՛ք․ մարդիկ վախենում են իրենց երեխաներին դպրեց տանել։ Երբ այս հարցերը կլուծեք, այդ ժամանակ էլ բերեք դիլետանդ նախագծեր, մեզ էլ պոպուլիստ անվանեք», — եզրափակեց Անի Սամսոնյանը։