Այսօր՝ հունիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի այգիներից մեկում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված հատվածում հայտնաբերել են Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 70-ամյա Գառնիկ Շ.-ի դին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն այգում բալ հավաքելիս է եղել, երբ ինքնաշեն աստիճանը անզգուշաբար ճոճվել է, և ծերունին ընկել է ցանկապատի վրա տեղադրված երկաթե ամրանի վրա;։ Նրան վիրավոր հայտնաբերել է կինը, սակայն, մինչ կժամանեին բժիշկները, Գառնիկ Շ.-ն մահացել է։ Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Ազատ Հակոբյանի գլխավորությամբ, մինչև կժամանի դատական բժիշկը։