»»2018 թվականին պետական բյուջեն ծախսային մասով թերակատարվել է շուրջ 80 մլրդ դրամով. Բաբկեն Թունյան

2018 թվականին պետական բյուջեն ծախսային մասով թերակատարվել է շուրջ 80 մլրդ դրամով. Բաբկեն Թունյան

Խորհրդարանում  բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ընթացքում պատգամավոր Բաբկեն Թունյանը հարց ուղղեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։
«Պետական բյուջեն ծախսային մասով թերակատարվել է 5,3 տոկոսով կամ շուրջ  80 մլրդ դրամով։ Պետք է հստակ գնահատական լինի, թե դա ինչ զսպող ազդեցություն է ունեցել մեր տնտեսական աճի վրա։ Այդ ծախսերի թերակատարումը  հիմնականում պայմանավորված էր վարկային միջոցների կոռուպցիոն ռիսկերով․ խնդրում եմ պարզաբանե՛ք՝ այս կոռուպցիոն ռիսների հասցրած վնասը տնտեսական աճի վրա բացասական ազդեցությունը համադրելի՞ են իրար», –  հարցրեց Բաբկեն Թունյանը։

Պատասխանելով պատգամավորին՝ Ատոմ Ջանջուղազյանը նշեց՝ զսպող ազդակի վերաբերյալ տեղեկատվությունն արդեն ներկայավել է զեկույցում։

«Դա եղել է 2,3 տոկոս, ընդ որում հավասարապես՝ եկամուտների գործոնով բացատրվում է  դրա կեսից մի փոքր ավելին, իսկ մնացած մասը ծախսերի գործոնով է բացատրվում։ Հարկաբյուջետային ազդակն այդպիսին է եղել 2018 թվականին՝ 2,3 տոկոս, որը համարյա հավասարակշռված  է եղել  եկամուտներով ու ծախսերով։

Իսկ թե շեղումները ինչով են պայմանավորված եղել․․․․ 2018 թվականը առանձնահատուկ տարի է եղել, բայց պատմություն ունենք․ եթե նախորդ տարիներն էլ նայեք, ունեցել ենք խրոնիկ ցածր կատարողական՝ բացառությամբ  1-2 տարվա, երբ, ընդհակառակը, գերակատարում է եղել, քանի որ նախկինում  կարգավորումը թույլ  էր տալիս արտաքին աջակցությամբ  իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակում իրականացվող վարկային ու դրամաշնորհային ծրագրերի  շրջանակում նախատեսված ծախսերի  համար ունենալ գերակատարում՝ ի տարբերություն  մնացած ծախսային ծրագրերի։ Դրա համար բյուջեում դրված ցուցանիշը  ընդամենը ինդիկատիվ ցուցանիշ էր։

Վերջին տարիներին դա փոխվեց։ Վերջին տարիներին կատարողականը զգալիորեն ցածր է եղել, չեմ կարծում՝ բոլոր տարիների համար դա պիտի բացատրվի հնարավոր կոռուպցիոն ռիսների գործոնով, ուստի այս դեպքում  էլ՝ 2018 թվականի պարագայում, առանձնացնել, կարծում եմ, չարժե, թեև դա  դեր է ունեցել», –  ասաց Ատոմ Ջանջուղազյանը։

2019-06-19T12:06:29+04:00June 19 12:03|Տնտեսություն|0 Comments