Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նախօրեին կայացած մամուլի ասուլիսում քննադատել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Հայերը իրենց քաղաքականությունը կառուցել են ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շուրջ: Ես, որպես ֆուտբոլով չզբաղվող մարդ, հետաքրքրվել եմ, թե ով է այդ Մխիթարյանը և ինձ ասել են, որ նա խաղային ժամանակի 90 տոկոսը անցկացնում է պահեստայինների նստարանին: Նա մի կոտրված գրոշ էլ չարժի և չէր էլ պատրաստվում այստեղ գալ ու նրա թիմն այստեղ պարտվեց»,-  «Մեյդան» TV-ի փոխանցմամբ ասել է գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը՝ լրագրողներին խորհուրդ տալով գրել, թե այդ խաղը ինչ բարձր մակարդակով էին կազմակերպել երկրի ղեկավարները:
Բաքվում անցկացված Եվրոպայի լիգայի առաջնության եզրափակիչ հանդիպմանը Մխիթարյանը չէր մեկնել անվտանգության նկատառումներից ելնելով:
Նույն ասուլիսում Զաքիր Հասանովը հաստատել է, որ մեկ շաբաթ առաջ զորավարժությունների ժամանակ արձակված ուսումնական ականը ընկել է Գյանջայի բնակելի տներից մեկի վրա: Նրա ասելով ականը դիպել է ժայռին ու այդ հարվածից 18 կիլոմետր թռել ու ընկել տան վրա, գրում է azatutyun.am լրատվական կայքը: