Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել համաձայն, որի Սյունիքի նախկին մարզպետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնական կեղծիք կատարելու համար։ ԱԱԾ հաղորդագրությունում իհարկե նշված չէր, թե խոսքը Սյունիքի որ մարզպետի մասին է։ Պաշտոնական հաղորդագրությունում միայն նշված է, որ խոսքը վերաբերում է 2016 թվականի գործունեությանը։ Այդ տարում Սյունիքի մարզն ունեցել է երկու մարզպետ՝ Վահե Հակոբյան եւ Սուրիկ Խաչատրյան։ Լրատվամիջոցները հղում անելով իրենց աղբյուրներին գրեցին, որ խոսքը վերաբերում է Սուրիկ Խաչատրյանին։

Ուշագրավն այն է, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածում հիմնվելով ոչ թե փաստերի, այլ նախնական տեղեկությունների վրա։ «ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2016թ-ին պաշտոնավարող Սյունիքի մարզպետը, տեղեկանալով, որ իր հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձինք հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով ձեռք են բերել հողատարածք՝ նշված ձեռնարկատիրական գործունեությանն արհեստական խոչընդոտելու և ներդրումային ծրագրերը ձախողելու նպատակով, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց ցուցում  է տվել նշված հողամասին հարակից՝ մուտքն ապահովող տարածքը իրացնել իր մատնանշած անձին: Իրավասու անձինք, կազմելով հողատարածքն աճուրդով օտարելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, կազմակերպել են վաճառքը, ինչի արդյունքում կառուցապատվող տարածքի սեփականատերը փաստացի զրկվել է հողամասը տնօրինելու և օգտագործելու հնարավորությունից»,- ասված էր ԱԱԾ հաղորդագրությունում։

Իրականում ինչ հողատարածքի մասին է խոսքը, ում է այն պատկանում եւ ովքեր են փորձել այն սեփականաշնորհել։ Այս ամենի վերաբերյալ Irakanum.am-ին  մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես վիճահարույց հողատարածքը, որի վերաբերյալ ըստ ԱԱԾ հաղորդագրության տեղի է ունեցել պաշտոնական դիրքի չարաշահումը պատկանում է Գորիս քաղաքի բնակիչ Աշոտ Գեւորգյանին։ «ԱԱԾ հայտարարությունում շատ բաներ իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ այդ հողատարածքը, որը գնել եմ ես, եղել է օրինական աճուրդ- վաճառք, ամբողջ փաստաթղթերը առկա են, եւ Սուրիկ Խաչատրյանը որեւէ դիրքորոշում չի ունեցել այդ հողատարածքի հետ կապված»,- ասաց Գեւորգյանը։  Վերջինիս խոսքով՝ տվյալ տարածքի հարակից հողատարածքը եւս իրեն է պատկանում։ «Այն գնել եմ 2007 թվականին, իսկ ահա 2014 թվականին  այն վաճառել են երկրորդ անձի, որը հետագայում էլ այն վաճառել է մարզպետ Վահե Մաքսիմի Հակոբյանին։ Առուվաճառքն էլ տեղի է ունեցել հենց այն ժամանակ երբ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն էր։ Հինգ տարի է  ես դատական գործընթացի մեջ եմ։ Գնման բոլոր փաստաթղթերն առկա են, եւ 2007 թվականից ես այն օգտագործում եմ, ծառեր է տնկած։ Հարակից տարածքն էլ դրվել է աճուրդի, եւ ես գնել եմ, բոլոր թղթերն առկա են, այնտեղ անօրինական որեւէ բան չի եղել»,- պնդեց Աշոտ Գեւորգյանը։

Ինչ վերաբերում է հարակից  հողատարածքին, ապա Գեւորգյանի  մոտ հարց է առաջանում, ինչպես է ստացվել, որ 2007 թվականին իր կողմից օրինական ճանապարհով ձեռք բերված հողատարածքը 2014-ին անցնում է Վահե Հակոբյանին։ Գեւորգյանն ասաց, որ անձամբ է հանդիպել Հակոբյանի հետ, վերջինս էլ ասել է, թե կապ չունի հողատարածքի հետ, բայց փաստ է, որ այն գրանցվել է Հակոբյաններին պատկանող ընկերության անունով։ «Խոսքը մեկ հեկտար հողատարածքի մասին է, որը փոխվել է իրա ընկերության անունով, իսկ հարակից հողատարածքը ես կրկնում եմ ձեռք եմ բերել աճուրդով, այն ժամանակ, երբ մարզպետը Վահե Հակոբյանն էր»,- նշեց Աշոտ Գեւորգյանը։ Վերջինս ասաց, որ դիմել է դատական ատյանների, սակայն որեւէ արդյունքի չի հասել։ Աշոտ Գեւորգյանը հորդորում է իրավապահներին  նախ եւ առաջ պարզել , թե ինչպես է իր կողմից 2007 թվականին գնված հողատարածքը հանկարծ հայտնվում ուրիշի տնօրինման ներքո։

Irakanum.am