Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որպեսզի «Հայաստան» համահայկական հիմնադրամը լինի ոչ թե առանձին վերցված ծրագրերի իրականացման հնարավորություն, այլ դառնա համազգային բյուջե: Այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 18-ին մեկնարկած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ընթացքում:

«Մենք ընդհանրապես պետք է մտածենք համազգային բյուջե ունենալու մասին: Եվ մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը այդ համազգային բյուջեի նկատմամբ: Մեր կառավարության գործունեության ամենակարևոր ուղղություններից մեկն այն է, որ մենք ուզում ենք փոխել ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը Հայաստանի պետական բյուջեի նկատմամբ: Եվ այդ վերաբերմունքի կարևոր փոփոխությունը պետք է լինի այն, որ յուրաքանչյուր քաղաքացի ընկալի, որ այդ փողը ոչ թե ինքը տալիս է ուրիշին, այլ այդ փողը տալիս է ինքն իրեն: Ինչպես ընտանիքում փողերը ծախսվում են տարբեր նպատակներով, այդպես էլ բյուջեում: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է ընկալի, որ պետական բյուջեի միջոցները ծախսվում են հենց իր համար: Իհարկե, այս գաղափարաբանության շոշափելի ազդեցությունը պետք է ապահովեն այդ գումարները ծախսողները: Ընդհանուր առմամբ, հարցն ամենևին էլ փողը չէ, փիլիսոփայությունն է:  Պետք է  շատ ավելի անմիջականորեն ցույց տալ, որ ամբողջ հայությունը կանգնած է Հայաստանի ու սփյուռքի կողքին»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 20-րդ դարում դրված խնդիրները լուծվել են, բայց պետք է հաշվի առնել, որ 21-րդ դարում մարտահրավերներն ավելի են լրջանում, ահագնանում, և այդ ահագնացող մարտահրավերներին արձագանքը պետք է լինի համարժեք:

«Նախագահները, վարչապետները, կառավարություններն անցողիկ են, իսկ հայրենիքն ու ժողովուրդը հավերժ են: Մենք պետք է տեր կանգնենք մեր հայրենիքի ու մեր ժողովրդի հավերժությանը: Հայրենիքի և ժողովրդի հավերժությունը մի հարց է, որը լուծում պետք է ստանա այսօր: «Հայաստան» համահայկական հիմնադրամի էության և բովանդակության փոփոխությունը ես տեսնում եմ հենց այս խնդրի լուծման մեջ, և ես համոզված եմ, որ մենք ունենք անհրաժեշտ կամք, միասնություն, հմտություն և իմաստություն մեր հայրենիքի ու մեր ժողովրդի հավերժության օրակարգը սպասարկելու, այդ հավերժությունն ապահովելու համար»,- նշեց Փաշինյանը: