«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները ազատ են լինելու ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի ընտրության հարցում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Հիշեցնենք՝ ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատավորի ընտրության հարցը, առաջադրված թեկնածուն Վահե Գրիգորյանն է, որին նախագահը երկրորդ անգամ է առաջադրել այս պաշտոնում: «Նախորդ անգամ, երբ Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրված էր, մենք ազատ էինք թողել։ Այս անգամ էլ մենք խմբակցությունում որոշեցինք, որ քվեարկությունը թողնենք ազատ։ Ամեն մեկն իր հայեցողությամբ, ով ինչպես ցանկանա, այնպես էլ կքվեարկի»,-ասաց ԲՀԿ առաջնորդը:

Խոսելով երեկ ՀՅԴ անդամների հետ հանդիպման մասին՝ Ծառուկյանն ասաց, որ հանդիպելու առաջարկը եղել է Դաշնակցության կողմից: «Դաշնակցությունն է առաջարկն արել, որ կարելի է հանդիպել, մենք համաձայնել ենք, քննարկել ենք երկրի տնտեսական, քաղաքական վիճակը, Արցախի հարցը: Մենք մեր տեսակետներն ենք ասել, իրենք` իրենց», — ասաց Գագիկ Ծառուկյանը՝ հիշեցնենով՝ ԲՀԿ-ն միշտ պատրաստ է եղել քննարկումներ ունենալ ցանկացած քաղաքական ուժի հետ։